Կարևոր քայլ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Ռուսաստանը մտադիր է շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում: Ինչպես ասել է՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությունը կշարունակի հինգ համատեղ հայտարարությունների հիմքի վրա, որոնք ընդունվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների կողմից: «Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հակամարտությունը կարգավորել այն մոտեցումների հիման վրա, որոնք շարադրված են համանախագահ երկրների հայտարարություններում, որոնցում մասնավորապես կոչ է պարունակվում՝ վիճելի հարցերը լուծել առանց ուժի կիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունում կարգավորման գործընթացի առաջընթացի համար ռուսական կողմը ջանքեր կգործադրի համաձայնեցված մոտեցումների շրջանակում` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունները:
