Մհեր Սեդրակյանի դուստրը մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձա՞յն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից Tert.am-ի գրավոր հարցմանը, թե ինչու է թիվ 69 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել Աստղիկ Սեդրակյանը, հայտնել են, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: ««Երևանի հ. 69 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Աստղիկ Սեդրակյանն ազատվել է աշխատանքից՝ համաձայն իր դիմումի (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ կարգադր. 20.02.2017թ. հ.20-Ա)»,-հայտնել են քաղաքապետարանից: Հաջորդ հարցին, թե այժմ ո՞վ է զբաղեցնում այդ պաշտոնը, Երևանի քաղաքապետարանից հայտնել են. «Տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նունե Հարությունյանը (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ կարգադր. 21.02.2017թ. հ.21-Ա): Նրա տարիֆաորակավորման բնութագիրը համապատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.04.20177թ. հ.416-Ն և 24.02.2015թ. հ.102-Ն հրամանների պահանջներին»: Նշենք, որ երեկ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրն է, ազատվել է աշխատանքից: Աստղիկ Սեդրակյանը մանկապարտեզի տնօրեն էր նշանակվել 2011 թվականին:
