Սերժ Սարգսյանը թույլ չտվեց Ռոբերտ Քոչարյանին․ Ս․ Սաֆարյան
Hayeli.am-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը․ -Պարոն Սաֆարյան, օրեր առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատությամբ հանդես եկավ սպասվող ընտրությունների եւ խորհրդարանական կառավարման մոդելին անցման կապակցությամբ, եւ սպասվող ընտրությունները բնորոշեց որպես քսակների եւ զոռբայության կռիվ։ Որքանո՞վ էր սպասելի նման գնահատական իրենից։ -Ես իմ գիտակցական եւ քաղաքական համեստ կենսագրության ընթացքում եւ առավել եւս Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում չեմ հիշում որեւէ ընտրություն, որ չլինի զոռբայության եւ քսակների։ Այլ բան է, որ նրանք քսակավորներից փողը վերցնում էին ու դնում ցուցակներում, կամ իշխանությունը բացահայտ ամբողջ ռեսուրսներն օգտագործում էր այն մեծամասնական թեկնածուների օգտին, որոնք իրեն ենթակա էին ու հնազանդ։ Անկեղծ ասած՝ որքան էլ իմ ցանկությունը մեծ է եղել տեսնել միանգամայն 100% համամասնական ընտրակարգ, այլ ոչ թե համամասնական ընտրակարգի եւ գեղեցիկ մանեկենների տակ թաքնված մեծամասնական ընտրակարգ, ինչպիսին այսօրվա ռեյտինգայինն է, այնուամենայնիվ, այս ընտրությունները, ցավոք սրտի, առանձնապես շատ չեն տարբերվում նախորդ ընտրություններից։ Այս ընտրակարգի թերեւս միակ ուշադրության արժանի հատվածն այն է, որ մեկ ընտրատարածքում մեկ հաղթող չի լինում, եւ չի գործարկվում՝ հաղթողը ստանում է ամեն ինչ մոդելը։ Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը ուղղակի կարող ենք մի բան հստակ ասել, որ ընտրությունների թափանցիկությունից Հայաստանի երեք նախագահները գոնե խոսելու տեղ չունեն։ -Առաջին նախագա՞հն էլ։ -Բա իհարկե, 1995 թվականի ընտրությունները․․․ Բոլոր նախագահները տեղ չունեն խոսելու ազատ, արդար եւ թափանցիկ, մրցակցային ընտրությունների մասին։ Այս կտրվածքով երկրորդ նախագահի կարծիքը ոչ միայն տեղին չէ, այլ նաեւ արժանի չէ լուրջ ուշադրության։ -Կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնած է «Համախմբում» կուսակցության հետեում, Դուք ի՞նչ եք կարծում, միգուցե նման քննադատությամբ է հանդես գալիս, որ կասկածները ի չիք դառնա՞ն։ -Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը մինչ դաշինքների ձեւավորումն այլ պլաններ ուներ, այլ դաշինք էր տեսնում, որովհետեւ կային մարդիկ, ովքեր խոստովանեցին, որ իրականում Սամվել Բաբայանն է բանակցություններ վարում։ Կարող ենք հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն էր, որ նախ Գագիկ Ծառուկյան դաշինքն առանձին չլիներ, լիներ միասին ՕՐՕ-ի հետ։ Հիշենք Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունները, Օսկանյանի ողջույնի խոսքերը՝ Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ։ Ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը փորձում էր այլ «ճարտարապետություն» ստեղծել, նրան չհաջողվեց, հավանաբար Սերժ Սարգսյանը նրան թույլ չտվեց, եւ Ծառուկյան դաշինքը գնաց այս տեսքով։ Եւ քանի որ Ռոբերտ Քոչարյանի խաղը տապալվել է, իրեն ոչինչ չի մնում, քան մի ձեռքով Սամվել Բաբայանի միջոցով ՕՐՕ-ի դաշինքին կնքահայրություն անել, մյուս կողմից էլ հեռավորություն վերցնել, որովհետեւ գիտակցում է, որ երբեք այդպես չի կանգնել պարտության, հետեւաբար փորձում է հեռավորություն վերցնել էս ամեն ինչից։ -Պարոն Սաֆարյան, նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո աներձագ անունը ստացած Ռոբերտ Սարգսյանի (Տարոն Մարգարյանի աներձագը) հետ կրկին նույն ընտրատարածքում եք առաջադրվել, ի՞նչ եք անելու, որ այս անգամ հաղթեք։ -Ի տարբերություն նախորդ ընտրակարգի՝ մեկ առավելություն կա՝ նույն ընտրատարածքում կարող են հաղթողները մի քանիսը լինել, եթե ժողովուրդը ուզում է իմ տեսակը տեսնել խորհրդարանում, մի մարդու, որը չորրորդ գումարման խորհրդարանում ամենակտիվն է եղել, սա իմ գնհատականը չէ, Parliamentmonitoring-ի գնահատականն է, եթե գտնում են, որ իմ տեսակը պետք է, ծանրակշիռ քվե պետք է տան։ Անկախ նրանից ինչպիսի քվե կստանա Ռոբերտ Սարգսյանը, առաջին ընտրատարածքի ժողովուրդն ունի շատ մեծ հնարավորություն՝ իմ տեսակի պատգամավոր ունենալու համար։ Այս անգամ այդպես չի լինելու, որ եթե ինչ-որ մեկը շատ ձայն հավաքի, նա էլ կհայտնվի խորհրդարանում։ Ես հիշում եմ, թե ինչպիսի մեծ ցավ էին ապրում իմ ընտրողները, որոնք մոտ 10․000 էին, եւ փաստորեն իրենց ձայնն այնուամենայնիվ հաշվի չառնվեց, եթե այս ընտրություններում նման քանակի ձայներ ստանամ եւ ավելի, մեծագույն շանսեր ունեմ, եւ իրենք առաջին հերթին՝ ի դեմս ինձ խորհրդարանում ակտիվ պատգամավոր ունենալու։ -Ի՞նչ եք անելու, որ բոլորից հիասթափված ընտրողներին կարողանաք ընտրատեղամաս տանել։ -Ինձ ընդմաենը պետք լինելու ասել, որ հիասթափությունը ճանապարհ չէ․ հիասթափվելով ու տանը նստելով լավագույն նվերն են մատուցում իշխանություններին, որովհետեւ այնուամենայնիվ նրանք իրենց ընտրողներին բերելու են։ Ես ուզում եմ, որ բոլոր ընդդիմադիր մարդիկ, փոփոխություններ ցանկացող քաղաքացիները մենակ չթողնեն մեզ, գիտեմ, որ մեզ հավատացողներ լինելու են, ուզում եմ, որ նրանք ավելի շատ լինեն եւ իրենց քվեով մեզ աջակցեն։ Սեդա Ղուկասյան
