Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները՝մարտի 15-ին
Ստամբուլի «Ակոս» պարբերականը տեղեկացնում է,որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը: Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները: Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:
