Ֆիննախը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր
Հավանաբար, մինչև այս տարվա հուլիս, ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր: «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, այս քայլին գնալու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված է: Այս թողարկման առանձնահատկությունը կլինի այն, որ եվրոբոնդերը արտահայտված են լինելու ոչ թե արժույթով, այլ դրամով: Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Որոշակի խնդիրներ են ծագում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանաչափը գերազանցելու հետ կապված: «Այսինքն` եթե եվրոբոնդերով կառավարությունը ներգրավի նոր պարտք, ապա դա կարող է գերազանցել նշված սահմանաչափը, իսկ օրենքով դա արգելված է: Բացառված չէ, որ կառավարությունը նախաձեռնի նաև այդ օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը և բարձրացնի շեմը մինչև 70 տոկոս», - մեկնաբանել է թերթը:
