Ռուսաստանը Սիրիայում հրադադար է առաջարկում
Ռուսաստանը հանդես է եկել Սիրիայում մարտի 1-ից հրադադարի ռեժիմ հաստատելու առաջարկով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյայի։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է ռուսական առաջարկի մի շարք կետերի առնչությամբ։ Նշվում է, որ այդ հարցով համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ տեղեկություն չունի հրադադարի մասին Մոսկվայի հնարավոր առաջարկի հստակ ամսաթվի մասին։ Փետրվարի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան ԱՄՆ-ին առաջարկել է Սիրիայում կրակի դադարեցման սխեմա։ Նա նշել էր, որ չի կարող կոնկրետ մանրամասներ ներկայացնել, սակայն այդ ծրագիրը չի նախատեսում Ասադի անհապաղ հրաժարական, ինչին կողմ են ԱՄՆ-ը և տարածաշրջանում նրա դաշնակիցները։ Նախարարը նշել էր, որ Վաշինգտոնի կողմից այդ ծրագրի շուտափույթ քննարկման հույս ունի, քանի որ դրանում առաջարկները պարզ են։
