Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ ի օգուտ Հայաստանի. Կիսելյովի պարզաբանումը
Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ անդրադառնալով Հայաստանում հետապրիլյան բողոքի ալիքին, որն ուղղված էր ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ, ասաց, թե հակառուսաական տրամադրություններ Երևանում հաճախ են բարձրանում: «Հակառուսական տրամադրություններ ի հայտ եկան այն ողբերգական դեպքից հետո, երբ ռուսական ռազմաբազայի զինվորականը սպանեց հայ ընտանիքին։ Նման դեպքերում պետք է հարաբերություններն այնպիսի խորություն, պաշար ունենան, որպեսզի այդ ամենը չվերածվի հակառուսական տրամադրությունների, այլապես հարաբերությունների խորությունը փոքր է, զգացումները՝ մակերեսային, այսինքն՝ ցուցադրվում են մակերեսային զգացմունքներ։ Յուրաքանչյուր առիթ ցանկության դեպքում կարելի է օգտագործել հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակով»,- ասաց Կիսելյովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը զենքի վաճառքով շատ հարցերում Ադրբեջանին կառավարում է, Ադրբեջանը շուկայում զենք է գնում ծանր արժույթով եւ կարող է այն գնել նաեւ Իսրայելից, Թուրքիայից: «Ռուսաստանն աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է: Ադրբեջանը, ինչպես շատ այլ երկրները, այդ զենքը գնում է: Այստեղ քաղաքական ոչ մի բաղադրիչ չկա»,- նշեց Կիսելյովը: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը ստանում է զենք Ռուսաստանից, բայց ոչ միշտ՝ «կոշտ» գներով, ինչ Ադրբեջանը, այսինքն՝ կոշտ գումարներ Ռուսաստանը ստանում է Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը և զինամթերք է ուղարկում Հայաստան: Ինչպես ասաց՝ Հարաբերությունների բացակայությունն այդ կառավարման բացակայությունն է. «Եթե մենք պահպանում ենք շփումը, ուրեմն կարող ենք ազդել, եթե ոչ, ապա ազդել չենք կարող, բայց զենքն ամեն դեպքում կլինի, քանի որ Ադրբեջանը վճարում է միլիարդավոր դոլարներ այդ զենքի դիմաց։ Այսինքն՝ շփումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը, իսկ այս դեպքում Ռուսաստան-Ադրբեջան շփումներն ի օգուտ Հայաստանի են, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում այդ շփումը, փոխհարաբերվելու հնարավորությունն իր դերակատարությունն ունեցավ պատերազմի դադարեցման հարցում»:
