«Մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական ու հոգևոր վերածննդին». Վ. Սաֆարյան
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն (ՀԿԿ) այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Կոմկուսի ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանի խոսքով, կուսակցության նպատակն է ժամանակին ունեցած ձեռքբերումները, և դրանց հիման վրա գնալ դեպի ավելի մեծ ձեռքբերումներ և որ իրենք պայքարելու են երևույթների դեմ, որոնք խորթ են մեր ժողովրդի հոգեկերտվածքին: «Մեր առջև խնդիր չենք դրել անցյալի հուշերն արթնացնել, այլ ցանկություն ունենք. հենվելով անցած ճանապարհի վրա՝ ցույց տալ ստեղծված տնտեսական վիճակից ազատվելու ճանապարհը: Մենք առաջարկում ենք հետևողական պայքար մղել Հայաստանում տարատեսակ արևմտյան նորահայտ երևույթների, համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության և մեր ժողովրդի հոգեկերտվածքին ու ավանդույթներին խորթ այլ դրսևորումների դեմ», - ասաց Վ. Սաֆարյանը: Անդրադառնալով կուսակցության ծրագրի արտաքին քաղաքականության բնագավառում իրականացվելիք գործողություններին՝ նա նշեց, որ ՀԿԿ-ն կարևորում է զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի և կոլեկտիվ անվտանգության անդամ մյուս պետությունների հետ, ինչպես նաև ամրապնդել տնտեսական և քաղաքական կապերը Իրանի և Վրաստանի հետ՝ նպաստելով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: «Մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական ու հոգևոր վերածննդին»,- ասաց Վ. Սաֆարյանը:
