Գլխավոր դատախազն ասել է, որ կընդունեն միջնորդությունը, և «հաց բերողը» ազատ կարձակվի. Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: «Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր անձնական երաշխավորության միջնորդությունը և Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել, այսինքն՝ ազատ արձակել կալանքից», - ասաց Փաշինյանը: Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը իր խոսքը հեռարձակում էր ուղիղ և ասաց, որ այդ պահին իրենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ են ու պատրաստվում են հանդիպել Արթուր Սարգսյանի հետ: Նաև ասաց, որ իր և Էդմոն Մարուքյանի հետ է նաև ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանը: Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով Արթուր Սարգսյանը մեղադրվում է խմբի անդամներին աջակցելու մեջ:
