«Հերիք է».«ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերը. տեսանյութ
«Հերիք է, որ մեր քաղաքացիներն ապրեն անարժանապատիվ, հերիք է, որ անարդարությունը բախի նրանց դռները, հերիք է, որ քաղաքացին աղքատության ճիրաններում ապրի, հերիք է, որ մենք իշխանություններին հնարավորություն տանք գրպանահատությամբ զբաղվել»,- «Մոսկվա» կինոթատրոնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Իրենք գալիս են իշխանափոխություն իրականացնելու և արժանապատվությունը վերականգնելու համար. «Մենք գալիս ենք հայ քաղաքացուն և հայ գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որպեսզի կարողանա իր աշխատանքով և նվիրումով շենացնի հայոց երկիրը: Մենք գալիս ենք ու մենք հաղթելու ենք»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացրեց «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը։ Նրա խոսքով՝ այն առաջարկում է լուծումներ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին։ Այն ընդգրկում է երկրի զարգացման մեկ տարվա ծրագիր՝ «365 օր» անվանումով. «Ներկայացնեմ ծրագրի առանցքային կետերը. 1. Բարձրացնել բանակի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով այն 240 000 դրամի, սպայական և ենթասպայական կազմերի աշխատավարձերը 320 000 դրամից դարձնել 480 000 դրամի։ Այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն 50 միլիարդ դրամ։ Այս քայլով 18 տարեկան նորակոչիկներին հետ կպահենք առաջին գծում ծառայելուց։ 2. Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համատեքստում մենք առաջարկում ենք մայրական կապիտալի գաղափարը։ Այն մայրերին իրական աջակցության ծրագիր է։ Մեր մասնագիտական խմբի հաշվարկներով միանգամայն իրատեսական է ծնվող առաջին երեխայի պարագայում հատկացվող գումարը սահմանել 100 000 դրամ, երկրորդինը՝ 500 000 դրամ, երրորդինը՝ 1 մլն դրամ, չորրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, չորրորդ երեխայից հետո ձևավորել մայրական կապիտալ, որը կարող է ծնողը ձևավորել իր հայեցողությամբ։ 3. Արմատական լուծումներ ենք առաջարկում փոքր բիզնեսի համար։ Փոքր՝ մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար հինգ տարով սահմանել հարկային արձակուրդ: 4. Վերացնել կարմիր գծերի և արագաչափերի հետ կապված արհեստական տույժ տուգանքները: 5. Տաքսի ծառայություններն ու ինտերնետային տաքսի ծառայությունները պետք է ունենան նույն կարգավիճակը և գործեն նույն իրավական դաշտում, մինչև 60 մլն դրամ տարեկան շրջանառությունը պետք է ազատվի հարկերից: 6. Գյուղերի զարգացումը դարձնելու ենք համազգային նշանակության խնդիր: 7. Բուժաշխատողների, ուսուցիչների պետական աշխատավարձն այսօր շատ ցածր է։ Պետական աշխատավարձերը պետք է ինդեքսավորվեն տարվա պաշտոնական արժեզրկման չափով: 8. Պետք է վերանայվի 2018-ից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենսգիրքը, քանի որ այն աղետալի հետևանքներ կթողնի տնտեսության վրա: 9. Պետք է ազատվել հսկիչ գների ինստիտուտից, որոնք կամայական որոշումների հնարավորություն են տալիս չինովնիկներին: 10. Փոքր բիզնեսի խթանման համար արգելել նոր խոշոր սուպերմարկետների կառուցումը, Երևանի մի շարք վարչական տարածքներում արդեն իսկ գոյություն ունեցողների համար աշխատանքային ժամ սահմանել մինչև երեկոյան 21։00-ն, որպեսզի դրանից հետո փոքր խանութները հնարավորություն ունենան աշխատելու: 11. Հազարավոր քաղաքացիների վարկային բեռի խնդիրը համարում ենք կարևորագույն հարց։ Այս խնդիրը պետք է կարգավորվի պետության մասնակցությամբ և բանկերի հետ համատեղ աշխատելով։ Որպես առաջին քայլ վերանայել տույժ-տուգանքների համակարգը, ընդհուպ՝ չեղարկելով դրանք։ Ստեփան Մարգարյանը պնդեց՝ այս կետերը համարում են իրատեսական և մասնագիտական փորձաքննություն անցած.«Մենք սրանք անելու ենք»,- հավելեց նա։
