Միջադեպը կուսակցական գործընթացների հետ կապ չունի. Ալիկ Սարգսյան
NewsBook.am-ը այսօր տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ, ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև: Հենց ՀՀԿ շտաբի առջև իրար են սկսել ծեծել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները` Գազի Գարիկ անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը` Ազատն ու նրա որդին: Ականատեսների վկայությամբ` կողմերը հասցրել են պատռել միմյանց հագուստը, կռվարարներից մեկն անգամ ինչ-որ պահի զենք է պահել հակառակորդի վրա: «Հրապարակ»-ը փորձեց կապ հաստատել Ալիկ Սարգսյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպը կուսակցական գործընթացների հետ կապ չունի․ «Իմ վարորդի տղան իր բարեկամուհու հետ վիճաբանություն է ունեցել ոմն մեկի հետ, որի անունը չգիտեմ, երեկվա հեռախոսային վիճաբանությունից հետո ինքը հոր մոտ է եկել՝ կուսակցության գրասենյակ, վարորդս գրասենյակում ա եղել։ Այդ տղան եկել ա հետեւից, որից հետո քաշել ա դուրս, էդ քաշքշուկ, ծեծկռտուքն ա եղել, ասում են՝ գազային ատրճանակով կրակել ա, ոստիկանությունը անմիջապես բոլորին տարել ա բաժին, հետաքննություն ա անում, էդքանից բացի ուրիշ բան չգիտեմ»։ Ալիկ Սարգսյանի խոսքով՝ Արայիկ Գրիգորյանի հետ ունի շատ լավ հարաբերություններ․ «Ոչ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, հավատացեք»։
