Գրականության և արվեստի թանգարանում նշվեց Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակը
Մարտի 4-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ, անցկացրեց գիտաժողով՝ նվիրված մեծ դասականի 140-ամյակին: Գիտաժողովի մեկնարկից առաջ բացվեց ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի միայն 20 օր, գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահներից մեկում: Դերենիկ Դեմիրճյանին ներկայացնող բանախոսները անդրադարձան նրա անձի և գրկան-հասարակական գործունեության բազմազան դրսևորումներին: Ստորև ներկայացնում ենք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի խոսքը Հայոց ցեղասպանության և վերապրումի թեման Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններում 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեման տարատեսակ դրսևորումներով արծարծվել ու արծարծվում է հայ, ինչպես և օտարազգի բազմաթիվ գրողների ստեղծագործություններում: Նրանցից մեկն է Դերենիկ Դեմիրճյանը: <<Ավելորդը>>, <<Ժպիտը>>, <<Աստծո տանը>>, <<Գիրք ծաղկանց>> պատմվածքներում Դեմիրճյանը գրում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի հարկադրյալ տեղահանության, դժնի քարավանաերթերի, ապրած արհավիրքի թողած հոգեբանական ծանր հետևանքների, ապագան վերակառուցելու դժվարին ճիգերի, վերապրումի անխուսափելիության մասին՝ առանց հիշատակելու կոնկրետ տարեթիվ, տեղանք և առանց գործածելու <<ցեղասպանություն>> եզրույթը, իհարկե, քանի որ այդ եզրույթի ծնունդն առավել ուշ ժամանակներին է վերաբերում, քան գրվել են Դեմիրճյանի այս ստեղծագործությունները: <<Ավելորդին>> անդրադառնալով՝ նախ վերհիշենք Հաճի աղայի և նրա տան ու միջավայրի բնութագիրը պատմվածքի սկզբում: Այդ նկարագրություններում տեսնում ենք կազմակերպված, իր շարժուձևի, կենսակերպի մեջ բծախնդիր, վտանգներն ու անհարմարությունները շրջահայացորեն բացառող մի անձնավորության, որի կացութաձևը, ընտանիքը, դավանած արժեքները վկայում են խաղաղ, աշխատասեր կենցաղավարության, ավանդական հայ ընտանիքի դրվատելի որակների, այստեղ տիրող բերակեցության ու ապահովության մասին: Եվ մի՞թե ոչինչ չարժե միայն այն հանգամանքը, որ Հաճի աղան անդամալույծ քրոջը՝ Սրբունին լքելը համարել է անպատվություն, տեղ է տվել իր տանը, հոգացել նրա մասին: Ասել է թե՝ Հաճի աղան անտարբեր չէ մերձավորի ցավի հանդեպ, առնվազն՝ արժանապատիվ է: Գոնե՝ մինչև այն պահը, երբ կյանքը նրան դրեց ավելորդի և ոչ ավելորդի միջև ընտրություն կատարելու դաժանագույն փաստի առջև: Այն, ինչ կատարվեց այդ ընտրության արդյունքում, սահմռկեցուցիչ է, և վիճարկել-առաջադրել այլ որակում այս դեպքում անհեթեթ է, անշուշտ: Սակայն չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Դերենիկ Դեմիրճյանի գիրը բազմաշերտ է, և այն վերլուծելու համար բավական չէ միայն մակերեսորեն քննության առնել սյուժեն: Այո՛, նյութականը Հաճի աղայի համար կարևոր էր, որովհետև ձեռք էր բերվել տարիների տքնաջան աշխատանքով, և այն կորցնելու փաստն աներկբա էր: Բայց Դեմիրճյանը նկարագրել է մի իրավիճակ, որում հնարավոր չէր չկորցնել ավելին, քան նյութականը՝ սեփական դեմքն ու մարդկային որակները: Դեմիրճյանը ցույց է տալիս, որ Հաճի աղան այլակերպումի իր դրսևորումներում միայնակ չէ: Լավագույն օրինակը, թերևս, հարևան Պողոսի պատմությունն է: Ողջ գաղթական հայությունն էր դատապարտված ընտրություն կատարել ավելորդի և ոչ ավելորդի միջև, յուրաքանչյուրի համար էին մեկ օրում կործանվում սեփական ճակատագիրն ու աշխարհը: Եվ բռնագաղթվող յուրաքանչյուր հայ էր կորցնում իր համար թանկ ու կարևոր ինչ-որ բան, եթե ոչ՝ ամենակարևորը՝ հայրենիքը: Սա արհավիրք էր, որին դիմակայել ի զորու չէր սովորական մահկանացուն: Ինչպես որ Հաճի աղան էր հետո մղկտում Սրբունին լքելու կսկիծից, այդպես գաղթի ճանապարհին իրենց ընտանիքների անդամներին թողած, իրենց տունն ու հայրենի եզերքը բարբարոսներին հանձած ամբողջ արևմտահայությունն էր ապրում՝ կսկիծը սրտում: Եվ Դեմիրճյանների ընտանիքը նույնպես բացառություն չէր այս իմաստով: Սակայն 1915 թվականին հաջորդած հասարակական-աշխարհաքաղաքական անցուդարձերը պարտադրում էին հայի մարդկային, ազգային ողբերգության ցնցող պատմությանը հաղորդել դասակարգային ենթատեքստ, Հաճի աղայից ստանալ անհոգի, մեծահարուստ բուրժուայի, Սրբունից՝ լլկվող աշխատավորի կերպար. <<Ավելորդի>> մեկնաբանումը հենց այդ ելակետով էլ կառուցվեց: Անկասկած, պատմվածքի կենտրոնական դեմքը հենց Սրբունն է, ոչ այլ ոք: Հենց նրան ակնարկող վերնագիր է տվել իր ստեղծագործությանը Դեմիրճյանը: Ինչո՞ւ: Սրբունի ճակատագիրը Արևմտյան Հայաստանի ճակատագրի այլաբանությունն է: Պատմվածքի սյուժեում մի բան պարզ է ու հստակ. մինչև գաղթն ու կոտորածը կար Սրբունը՝ անպաշտպան, անմեղ, անչար: Կատարվեց այն, ինչ կատարվեց: Իսկ ի՞նչ եղավ Սրբունը, ինչո՞ւ նրա վախճանի կամ հնարավոր ապագայի մասին չի ասվում որոշակի որևէ բան Դեմիրճյանի շարադրանքում: Որովհետև այստեղ էլ մեջտեղ է գալիս մեկ այլ այլաբանություն՝ ժամանակի իշխող գաղափարախոսությունների և վարչակարգերի պարտադրած լռության այլաբանությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի, Արևմտյան Հայաստանի ճակատագրի առնչությամբ: Դեմիրճյանն ինչ-որ հնարով պիտի ճեղքեր պարտադրված այդ լռության պատը, ինչ-որ ելքեր նախանշեր: Եվ արեց դա վայրենացած իր հերոսին մարդացնելու ճանապարհով: Նա պիտի ցույց տար, որ հային ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես մեռցնողը ցեղասպան թուրքն է, որ հաճիների օտարումն իրենց մարդկային նկարագրից բացատրվում է պատերազմի, ցեղասպանության իրողությամբ, և որ այդ օտարումն անդարձ ու անկասելի չէ: Հաճի աղայի ցավագին զղջումը, հոգին մաքրելու հուսահատ մաքառումները սոսկ մեկ անձի վերագրվող մասնավոր պատմություն չպետք է դիտարկել: Հաճի աղան, ի հեճուկս իր տեսակը բնաջնջել ցանկացողների, դժվարին ճիգով իրեն վերագտնել փորձող հայի ընդհանրական կերպարն է: Պատմությունը հիշում է բազմաթիվ օրինակներ, երբ հայի գլխին կախված է եղել ոչնչանալու անխուսափելիությունը, բայց նա հրաշքով վերապրել է, որովհետև իր խորքային բնութագրիչներով չէր կարող այլ ապագայի հանգել: <<Ավելորդում>> Դեմիրճյանը պատկերել է իր հերոսների հոգեբանական խեղումը, ֆիզիկական բնաջնջման, մահվան նատուրալիստական նկարագրությունների և ոչ մի տող չկա այս պատմվածքում: Բայց հայոց ողբերգության մանրամասներին տեղյակ գրողը չէր կարող շրջանցել այդ նյութը և անդրադարձավ դրան <<Ժպիտը>> պատմվածքում: Եղել են քննադատներ, որոնք Դեմիրճյանին մեղադրել են հոռետեսության մեջ այս պատմվածքի համար: Դեմիրճյանը սպանդից մազապուրծ հայության գողգոթայի վավերագրողն է դարձել այստեղ: Նրա գրիչը անաչառորեն արձանագրում է հայրենի բնօրրանից տեղահանված հայության երթի զարհուրելի մանրամասները: Այս համապատկերում մարդը վերածված է կենդանի հանգուցյալի, և մահը ներկայանում է իբրև օրինաչափություն: Ավելին՝ իբրև փրկություն երկրային դժոխքի չարչարանքներից: Դեմիրճյանն այնքա՜ն սովորական ու սահուն է ներդնում մեռելահոտի, արհեստավարժ դիահավաքների, դաշտով մեկ սփռված դիակների, դրանք հավաքելու ու հրաշքով դեռ ողջ մնացածերից հեռացնելու նկարագրությունները համատարած այս գեհենապատումում: Թվում է, թե պատկերների մռայլության մեջ չի կարող հայտնվել փրկության որևէ նշան, թե Դեմիրճյանը հուսալքության գագաթնակետին է, և եթե անգամ փորձի ինչ-որ ելք ուրվագծել, ապա դա կլինի անհամոզիչ, իրական հենքից զուրկ մի գեղարվեստական հնար: Բայց իր ընթերցողին գեղագիտորեն հուսադրելու, լավատեսության մղելու դեմիրճյանական մոտեցումը հաստատագրվում է նաև այս պատմվածքում՝ անսպասելի, բայց համոզիչ մի լուծումով՝ նոր ծնունդ արձանագրած կատվի ընտանիքի պատմությամբ: Խորհրդանշական այս վերածնունդն ավելի իրատեսական է դառնում <<Աստծո տանը>> պատմվածքում: Այս պատմվածքը ևս հայոց գաղթական երթի պատկերն է գծագրում: Բայց այստեղ մեր առջև հառնում է նոր կյանքի, ապագայի հանդեպ որոշակիացող հեռանկարի ուրվագիծը: Դեմիրճյանն անգամ տուրք է տալիս կատակելու, կենսասիրության իր հավատամքին: Այստեղ գրական կերպարներն ավելի մարդկային ու կենսական են՝ ի հեճուկս անբնական, ապամարդկային իրավիճակի: Նրանք ընտրել են ապրելու, չմեռնելու ճանապարհը՝ թեկուզ և Աստծո տանը՝ բաց երկնքի տակ: Այդպիսի մի ընտրության այլաբանական պատում է <<Գիրք ծաղկանցը>>: Համաժամանակյա է ու անանձնական <<Գիրք ծաղկանցում>> մղվող բարու ու չարի, լույսի ու խավարի պատերազմը: Ու բնաջնջման թիրախը գիրքն է՝ կյանքի, գոյատևումի, աստվածայինի խորհրդանիշը: Գիրքը, ասել է թե՝ հայ ժողովուրդը, մեկ փորձությամբ չի ամփոփում իր տառապալից ոդիսականը: Երկար է դեգերում նա աշխարհավեր փոթորիկների ծիրում: Հերթափոխ հանձնող-ընդունողների հանգույն՝ վանահայրը, Թադեն, Զվարթը, Նաղաշը, Ղունկիանոսը, Հուսիկը լծված են ծաղիկների գիրքը ստեղծելու, պահպանելու, փրկելու, ապագային հանձնելու բարձր նպատակին: Եվ նպատակն իրագործվում է, ի վերջո: Դեմիրճյանը հավաստիացնում է, որ գիրքը փրկված է՝ իրեն փրկող ժողովրդի հետ միասին: Կյանքի վերջին տարիներին հայության ճակատագրի, նրա դեմ գործվող դավադրությունների և դրանցից ելք որոնելու թեմաները Դեմիրճյանին մղել են դեպի փաստագրության ժանրը: <<Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ>> ուսումնասիրության մեջ նա իր սթափ տրամաբանությամբ գուժում է, որ 1915-ի ցեղասպանության աշխարհագրությունը չի սահմանափակվում Արևմտյան Հայաստանով: Ի տարբերություն ցեղասպանության թեմայով գրված գեղարվեստական երկերի՝ գրողն այս դեպքում հեռու է հուսադրելու մտադրություններից: Դեմիրճյանը մշտապես որոնումների մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից: Եվ այդ ելքերը նախանշող յուրատեսակ գաղտնագիր-բանալիներ է տվել իր ավանդած ստվար էջերում:
