Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չենք վատթարացնի. ՌԴ ԱԳՆ
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Զախարովային ասել է, որ Ռուսաստանի կողմից 1921 թվականին ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը կանդրադառնա նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը։ Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։
