«Ժողովրդին սոված վիճակում իրար դեմ ենք հանելու». ՀՀԿ պատգամավոր
« Իմ և ռեյտինգային կարգով Լոռու մարզից առաջադրված թեկնածու, իմ կուսակից Վահրամ Բաղդասարյանի միջև ոչ պայքար է եղել, ոչ էլ կլինի: Ես Բաղդասարյանի տարածք չեմ ներխուժել, չնայած Վանաձորում վերջերս եղել եմ միայն մեկ անգամ, բայց համոզված եմ՝ դաշտը ազատ է, և բոլորը պայքարում են իրենք իրենց համար և ոչ թե իրար դեմ:Ես քարոզչություն իրականացնելու եմ բոլոր այն տեղերում, որտեղ հարմար եմ գտնում, մնացած կուսակցությունները, անհատները նույնպես, կարծում եմ, կսկսեն այնտեղից, որտեղ իրենց նպատակահարմար է: Իմ սկզբունքը հետևյալն է՝ անձամբ ես որևէ մեկի դեմ չեմ աշխատել, և այդ սկզբունքի վրա խարսխված կլինի իմ մոտեցումը: Ներկայացնելու եմ այն, ինչ արել ենք այս տարիների ընթացքում, այսօրվա տեսլականը, անցյալը, իմ կարողությունների շրջանում, մակրոառումով ինչպես եմ պատկերացնում իմ աշխատանքը վաղը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը : « Վանաձորն ամբողջ Լոռին չէ, դեռ 120 գյուղեր ու քաղաքներ կան: Բոլորս մարդավարի, նորմալ պետք է գնանք ընտրությունների, և այդ մեսիջը ուղարկելու եմ ընտրողներին։ Հանրությանը չպետք է բևեռացնել, ընտրությունը՝ ընտրություն, մանդատը՝ մանդատ, ոչ մի մանդատ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնենք, պատկերացնո՞ւմ եք՝ զարգացումները ինչ կլինեն հետո»,-ասաց նա: Հարցին, թե այս ընտրակարգը հենց բևեռացմա՞ն չի տանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե ինքը դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք», - ասաց Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա՝ այդ ընտրակարգի կողմնակիցները քիչ են եղել, բայց այն ընդունվել է: Պատգամավորն ընդգծեց, որ այս ընտրակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Խառնաշփոթ է ստեղծում, ժողովուրդը սոված վիճակում, կարծես էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Հակասություններ լինելու են։ Մենք թողելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու», - ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ մի մանդատ դրա արժեքը չունի։
