Դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ.Փոստանջյանը՝ Թաթոյանի մասին
«Երկու հիմանավորում կարող եմ ներկայացնել՝ ինչու առաջադրվեցի՝ որպես ՄԻ պաշտպանի թեկնածու»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և շարունակեց, որ առաջին հիմնավորումն այն է, որ իր մասնագիտական կարողությունները, կյանքի փորձն իրեն թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ, իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, չցանկացան մասնակցել այս պայքարին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տիկին Փոստանջյանը չցանկացավ նշել իր համար օմբուդսմենի ցանկալի թեկնածուների անունները՝ նշելով, որ այդ իրավապաշտպանները, փաստաբանները բոլորին հայտնի անուններ են: Թե էլ որ քաղաքական ուժերն ու գործիչներն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել փետրվարի 12-ին, երբ կքննարկվեն օմբուդսմենի թեկնածունների դիմումները, եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը կուսակցական է, ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ուստի չի կարող լավ օմբուդսմեն լինել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, այլ դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքը, պետք է կանխարգելես, որ ապագայում նման խախտումներ չլինեն: «Կարծում եմ՝ բոլորիս կենսագրությունները ձեզ մատչելի են, հավանաբար, Նարեկ Ալոյանը նույնպես իր կենսագրական տվյալները ներկայացրել է, դուք պետք է ինքներդ ծանոթանաք և գնահատեք՝ ով ինչ աշխատանքային փորձ ու կարողություններ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՄԻ պաշտպանի թեկնածուների մասին՝ այս մասին ասաց թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը: Խոսելով Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ միգուցե կարող ես ՄԻՊ կառույցում որպես փորձագետ աշխատել, բայց ոչ որոշում կայացնող լինել. «Շատ կարևոր է՝ դու քո մասնագիտական և աշխատանքային գործունեության ժամանակ որոշում կայացնող եղե՞լ ես, թե՞ եղել ես որպես կատարող: Ես շուրջ 9 տարի եղել եմ փաստաբան և որոշում կայացնող եմ եղել: Մենք իրեն որպես որոշում կայացնողի չգիտենք, դեռ ավելին՝ կարող եմ ասել, որ նա շուրջ երեք տարի, լինելով Արդրադատության փոխնախարար, նաև եղել է մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը, այսինքն՝ ՀՀ ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Փաստորեն, խոշտանգողի փաստաբանի դերում է հանդես եկել երեք տարի: Շատ դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ: Այսօր Հայաստանում կան քաղաքական հայացքների համար բազմաթիվ դատապարտվածներ, ես չեմ տեսել, որ Արման Թաթոյանը երբևէ խոսի այդ մասին»:
