Նոր ընտրական օրենսգիրքը զրոյացրել է ընտրակաշառքի ազդեցությունը
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Ընտրապայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում կա սերնդափոխության բավական լուրջ միտում: Ավելին՝ շեշտվում է, որ այդ միտումը իշխանության կողմից թելադրեց ՀՀԿ-ն, ընդդիմության կողմից՝ «Ելք» դաշինքը: Ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի ընտրացուցակը: -Մեր կուսակցության ներսում կատարվող սերնդափոխությունը ամենեւին էլ նորություն չէ: Սերնդափոխությունը տարիներ շարունակ Հանրապետականի համար եղել է կարեւոր նպատակադրում եւ առանցքային ուղղություններից մեկը: Դրանում կարող եք համոզվել, եթե դիտարկեք մեր նախորդ ընտրական ցուցակները: Իսկ այսօր՝ սահմանադրական բարեփոխումներից հետո, նոր խորհրդարանի ձեւավորման հարցում, բնականաբար, առանձնակի կարեւորվում է սերնդափոխությունը: Այո, ՀՀԿ ցուցակը թարմացված է, գալիս են նոր դեմքեր, ինչը, բնականաբար, սերնդափոխության հետեւանք է: Բայց սրա հետ մեկտեղ պետք է շեշտել հետեւյալը. սերնդափոխությունը չի կարող լինել ինքնանպատակ կամ գերնպատակ: Քանի որ բոլորիս համար ակնհայտ է՝ նորի ու եղած փորձի համադրմամբ է հնարավոր լուծել երկրում գոյություն ունեցող խնդիրները, նաեւ դիմագրավել մարտահրավերներին: -Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը գնալով հաճախակի են դարձել, անգամ տրվում են կաշառք բաժանողների կամ կաշառք բաժանելու մասին նախնական խոստումներ շռայլողների անունները: -Տարօրինակ է, որ այդ մասին սկսել են խոսել, երբ ընտրություններին դեռեւս բավական ժամանակ կա: Ե՛վ կաշառք բաժանելու ցանկություն ունեցողները, ե՛ւ մեր ընտրողները շատ լավ պատկերացնում են, որ ընտրակաշառքը, եթե անգամ դա կա, չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա, գիտեն, որ ընտրակաշառքի ազդեցությունը գնալով զրոյանում է: Ինչո՞ւ, որովհետեւ մեր ընտրողը շատ լավ գիտի, որ իր քվեարկության ընթացքը անհնար է վերահսկել, ընտրական նոր համակարգը դա իսպառ բացառում է: Այս ուղղությամբ դրական արդյունք է տվել իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն՝ երեք թեւերի կատարած լրջագույն աշխատանքը։ Ընտրական օրենսգրքում այնպիսի լուծումներ են արձանագրված, որոնց կիրառմամբ բացառվում է ընտրողի քվեարկության վերահսկողության իրականացումը: Երկրորդ՝ նույն կուսակցության տարբեր թեկնածուները եւս միմյանց վերահսկելու են, որովհետեւ որեւէ մեկը չի ուզենա, որ իր կուսակցական գործընկերը կարողանա ընտրակաշառքով տանել իրեն հասանելի ձայները: Սրանով վերահսկողությունն ավելի է մեծանում: Երրորդ՝ Ընտրական օրենսգրքում կան մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ լինի կրկնաքվեարկություն, ընտրախախտումներ, ու սա իր հերթին վերացնում է ընտրակաշառք տալու հիմքերը: Չորրորդ՝ չմոռանանք, որ ընտրողների հետ լուրջ բացատրական աշխատանք ունեն անելու քաղհասարակության ներկայացուցիչները: Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրակաշառքի մասին խոսակցությունները շահարկում եմ համարում: Կամ էլ խոսվում է ցուցակագրումների մասին: Կարծում եմ, որ թեկնածուները պարզապես փորձում են դրանով պարզել հասարակական կարծիքը, թե վերջինս ավելի շատ որ թեկնածուին է հակված տալ իր ձայնը, ճշտում են, թե իրենք քանի ձայն ունեն, պարզում են սեփական հնարավորությունները: Այդ կերպ թեկնածուները կկարողանան ավելի թիրախավորված քարոզարշավ իրականացնել: Այնպես որ նման ցուցակագրումների հետեւում ինչ-որ կասկածելի բաներ պետք չէ տեսնել: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
