«Եթե դու չես մասնակցում՝ դու բացակայում ես, եթե դու չես դիմադրում՝ դու պարտվում ես». Փոստանջյան
«Երկու հիմանավորում կարող եմ ներկայացնել՝ ինչու առաջադրվեցի՝ որպես ՄԻ պաշտպանի թեկնածու»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և շարունակեց, որ առաջին հիմնավորումն այն է, որ իր մասնագիտական կարողությունները, կյանքի փորձն իրեն թույլ են տալիս զբաղվել այդ գործունեությամբ, իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր կարող էին այս պաշտոնին հավակնել, չցանկացան մասնակցել այս պայքարին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տիկին Փոստանջյանը չցանկացավ նշել իր համար օմբուդսմենի ցանկալի թեկնածուների անունները՝ նշելով, որ այդ իրավապաշտպանները, փաստաբանները բոլորին հայտնի անուններ են: Թե էլ որ քաղաքական ուժերն ու գործիչներն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել փետրվարի 12-ին, երբ կքննարկվեն օմբուդսմենի թեկնածունների դիմումները, եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը կուսակցական է, ընդգծված ընդդիմադիր հայացքներով, ուստի չի կարող լավ օմբուդսմեն լինել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը, այլ դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքը, պետք է կանխարգելես, որ ապագայում նման խախտումներ չլինեն: Ո՞րն է իր առավելությունը, որ նա կարող է դառնալ հաղթաթուղթ ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի եւ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած թեկնածու Նարեկ Ալոյանի հետ մրցակցության պարագայում. «Ես ինը տարի եղել եմ փաստաբան ու եղել եմ որոշում կայացնող, այլ ոչ թե կատարող, ստանձնել եմ անձի իրավունքների պաշտպանելու իրավասությունը: Իսկ թե Արման Թաթոյանը ինչ գործունեություն է ծավալել օմբուդսմենի գրասենյակում, ես տեղյակ չեմ. միգուցե նա ինչ-որ կատարող է եղել, քանի որ նրա իրավապաշտպան գործունեությունից տեղյակ չեմ: Պարոն Թաթոյանը, երեք տարի լինելով Արդարադատության տեղակալ, եղել է նաեւ մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը Եվրադատարանում, եւ հանդես չի եկել երբեւէ տուժող կողմի շահերից: Ես մեկ անգամ չեմ լսել, որ, օրինակ, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց մասին կարծիք հայտներ որպես իրավապաշտպան, հանրային դիրքորոշում հայտներ»:
