Սիրիայում դաշտային հոսպիտալ է հրթիռակոծվել
Սիրիայի հարավային Դարա մուխաֆազի (վարչական բաժանում) դաշտային հոսպիտալը հրթիռակոծվել է: Այս մասին հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը: Հոսպիտալը կազմակերպության հաստատությունը չէ, սակայն դրան աջակցություն է ցուցաբերում: Աշխատակիցների տվյալներով՝ պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ, ևս 6-ը տուժել են, այդ թվում՝ բուժքույրը: Հորդանանի հետ սահմանին գտնվող Թաֆաս քաղաքում գտնվող հոսպիտալը հարվածի է ենթարկվել փետրվարի 5-ին: Շենքը վնասվել է, և շտապօգնության ծառայությունը դադարեցրել է աշխատանքը: Կազմակերպությունը նշում է, որ ավիահարվածի պատճառով իրենց տները լքել են Թաֆասի ավելի քան 20 հազար բնակիչներ:
