ՄԱԿ-ը չի կարող ստուգել ԻՊ-ի նավթի մատակարարման ուղղությունների մասին տեղեկությունները
ՄԱԿ-ը չի կարող անկախ ստուգում իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նավթի արտահանման ուղղությունների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը։ Պաշտոնյայի խոսքով՝ ստեղծված իրավիճակում «ընդգծվում է սերտ համագործակցության կարևորությունն անդամ պետությունների միջև»՝ ահաբեկչական խմբավորման ֆինանսական հոսքերը դադարեցնելու համար, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ-ի դեկտեմբերին ընդունած 2253 բանաձևով։ Ֆելտմանը հայտարարել է, որ ԻՊ-ն ունակ է արագ և արդյունավետ մոբիլիզացնել հսկայական ռեսուրսները։ Հիմնականում անկայունության ու հակամարտությունների պատճառով Սիրիայում և Իրաքում հայտնվելով ու ամրապնդվելով՝ ԻՊ-ը եկամուտ է ստանում շնորհիվ անդրազգային հանցավոր խմբավորումների հետ իր կապերի ու տարածվում է այլ շրջաններում։ «Ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանում օկուպացված տարածքների նավթի և այլ բնական պաշարների օգտագործումը, «հարկեր» հավաքելը, կողոպուտը, պատանդների փրկագները և այլ ֆինանսական համակարգեր, օրինակ՝ ինտերնետն օգտագործելով սոցցանցերում իրենց համար միջոցների հավաքագրումը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի տեղակալը։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, որը տարածվել է նիստի ընթացքում, 2015 թվականին ԻՊ-ի եկամուտների ծավալները նավթի ու նավթամթերքի վաճառքից կազմել է 400-500 մլն դոլար։ ՌԴ ՊՆ-ն անցյալ տարվա դեպտեմբերին ապացույցներ էր ներկայացրել ԻՊ-ի կողմից Թուրքիայի տարածք նավթի մատակարարման մասին։ Նշվում էր, որ այդ առևտուրը ձեռնտու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին։
