Դժվար ծնունդ է եղել. Արտաշատ ԲԿ-ի տնօրենը՝ նորածնի մահվան մասին
«Դժվար ծնունդ է եղել ու տեղափոխել են Մուրացանի հիվանդանոց, որտեղ մահացել է: Պատանատոմի եզրակացություն չկա, իսկ լրատվամիջոցները տարատեսակ ինֆորմացիաներ են հայտնում: Մահվան պատճառը դեռ պարզված չէ, այս պահին միայն ենթադրություններ են»,- Հայելի.am –ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փետրվարի 7-ին, Երևանի Մուրացանի հիվանդանոցում մահացած Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխաի դեպքին ասաց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նշենք, որ մահացած նորածնի ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որտեղ մեղադրել են բժիշկներին: Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել: «Սա կնոջ 3-րդ ծննդաբերությունն է, նախորդ երկուսի դեպքում նա բնական ճանապարհով է ծննդաբերել: Ամուսինները 2 դուստր ունեն, որոնցից մեկը ծնվել է 2կգ 700 գրամ, մյուսը՝ 2կգ 800 գրամ: Այս անգամ էլ կեսարյան հատման ցուցում չկար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել: Հղի կնոջ մոտ ամեն բան նորմալ է եղել»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Վարդան Հովհաննիսյանը: Վերջինս հաստատեց, որ ծանր ծննդաբերությունը և երեխայի մահը կապված չեն հղիության ընթացքի և բժշկի մասնագիտական վրիպման հետ: «Բժշկուհին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որևէ բարդություն չի նկատել, կնոջն ուղարկել է տուն՝ ասելով, որ եթե ցավեր ունենա, անմիջապես հիվանդանոց բերեն կնոջը, իսկ եթե 3 օրվա ընթացքում ցավեր չառաջանան, պետք է անպայման դիմել բժշկի»,- պարզաբանեց տնօրենը: «Դժվար ծննդաբերություն է եղել: Ամեն դեպքում ծնվելուց հետո ճիշտ են գնահատել իրավիճակը, միանգամից տեղափոխել են Երեւան, ընթացքում էլ հետևել են ընթացքին»,- նշեց ԲԿ տնօրենը: Հովհաննիսյանը ընդգծեց, որ նորածնի մահվան պատճառը հայտնի կլինի միայն փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երևան, իսկ 7 օր անց մահացել: Աստղիկ Ավագյան
