«Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ բռնության գործով ոստիկանները դատապարտվեցին տուգանքի
2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործով այսօրվա դատական նիստում հրապարակվեց մեղադրական դատավճիռը: Ոստիկաններ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը և Կոստան Բուդաղյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, և նրանց յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվեց տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամի չափով` առանց իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնելու կամ ծառայելու իրավունքի զրկման: Իսկ ոստիկան Դավիթ Փերիխանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը (երկու դրվագով) և 185-րդ հոդվածի 1-ին մասով` գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000 ՀՀ դրամի չափով: Տուժողներ Հայկ Բադալյանին, Խաչատուր Եսայանին, Աշոտ Բոյաջյանին և Արթուր Պապյանին հանցագործություններով անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցման հարցը դատարանը համարեց լուծված` վերջիններիս կողմից Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի, Կոստան Բուդաղյանի և Դավիթ Փերիխանյանի դեմ նման պահանջ ներկայացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ: Իսկ տուժող Արթուր Պապյանին և վերջինիս ներկայացուցիչ Կարեն Թումանյանին դատավճռով պարզաբանվեց Դավիթ Փերիխանյանից բարոյական վնասի փոխհատուցում պահանջելու հայցով, քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու իրավունքը: Տուժող (քաղաքացիական հայցվոր) «Ուտոպիանա.ամ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի ներկայացրած քաղաքացիական հայցը՝ որպես կազմակերպությանը պատճառված գույքային վնաս քաղաքացիական պատասխանող Դավիթ Փերիխանյանից 3.488.720 ՀՀ դրամ գումար բռնագանձելու և հայցի ապահովման միջոց՝ վերջինիս գույքերի վրա արգելանք կիրառելու մասին, դատավճռով մերժվեց հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասն ամբողջությամբ փոխհատուցվելու պատճառաբանությամբ, իսկ 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով բարոյական վնասը բռնագանձելու մասով՝ այն թողնվեց առանց քննության՝ մասնավոր տիրույթում քննության ենթակա լինելու պատճառաբանությամբ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ժամանակին տեղեկացրել էր, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: Մասնավորապես, ըստ ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդագրության, 2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը և բերման ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ` Տ. Նորատունկյանը և Ա. Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել են Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս օրինական գործունեությանը: Այդ ընթացքում ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, հաշվի չառնելով նաև վերջինիս հավաստիացումն այն մասին, որ հեռուստալրագրող է: Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երևանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս: Նկարագրված գործողությունների համար Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնատար անձի կողմից, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, իսկ Դ. Փերիխանյանին՝ 164-րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագով)` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, և 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:
