Դեսպանը ձախողել է
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, կարելի է ասել, լիակատար անգործության է մատնված, նա իր գործունեության արդյունքում ժամանակ առ ժամանակ հայտնվում է սկանդալների կենտրոնում: Մեր տեղեկություններով` ՀՀ ղեկավարությունը հատուկ ծառայությունների միջոցով պարզել է, որ դեսպանը հայկական կողմի դիրքորոշումները ոչ միշտ է ճիշտ տեղ հասցրել, ինչն էլ, թերեւս, հանգեցրել է հայ-ուկրաինական հարաբերությունների վատթարացմանը, որի վառ ապացույցներից մեկը վերջերս տեղի ունեցած իրողությունն է: Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին և կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին։ Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց: Մեր տեղեկություններով` այս հարցում էլ Մանուկյանը լիակատար անգործության է մատնվել եւ նրա «առաքելությունն» իրականացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանն ու Արտակ Զաքարյանը: Նրանց աշխատանքների ու բանակցությունների արդյունքում է, որ ուկրաինական 12 պատվիրակներից միայն 4-ն են քվեարկության պահին դահլիճում եղել, մյուսներին հաջողել են հետ պահել քվեարկությունից:
