ԲՀԿ-ից հեռացված Գևորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի ընկերներ...«Ծառուկյան» դաշինքի որոշմամբ համանուն դաշինքի կազմում վարկանիշային կարգով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու թիվ 1 Ընտրական տարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները): Հայցում եմ այն ուժերի և անհատների աջակցությունը, ովքեր ցանկանում են Ազգային ժողովում տեսնել օրենքներին լավատեղյակ, պետական և հասարակական կյանքում տեսանելի դրական փոփոխություններ կատարելու իրական ցանկություն և ունակություն ունեցող մարդկանց: Արդեն շուրջ 27 տարի ուսանելով և աշխատելով իրավունքի բնագավառում, զբաղեցնելով պետական բարձրագույն պաշտոններ, հավաստիացնում եմ, որ Ձեր աջակցությամբ «Ծառուկյան» դաշինքի կազմում անելու եմ ամեն հնարավորը` մարդակենտրոն օրենսդրություն ունենալու և դրա կենսագործումն ապահովելու ուղղությամբ: Իմ նախընտրական գործունեությունն իրականացնելու եմ օրինականության սկզբունքին հավատարիմ, գործելու եմ հրապարակային` հարգելով մրցակիցներիս իրավաչափ գործողությունները: Պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, հարցադրումներն ու դիտարկումները: Բավական է նահանջենք... Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»։ Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ի շարքերից: Պատճառն այն էր, որ Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել ԲՀԿ նախագահի հասցեին քննադատություններով: Նրա դիտարկմամբ՝ իրեն անօրինական են հեռացրել կուսակցությունից, քանի որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին դուր չի եկել իր տեսակետները կուսակցության գործելաոճի մասով: Գևորգ Պետրոսյանը դատական հայց էր ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության Ավանի տարածքային խորհրդի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո Պետրոսյանի հարաբերությունները ԲՀԿ-ի հետ «ջերմացել են»:
