Թուրքիայում ապամոնտաժվել է 200-ամյա հայկական շինություն
Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը: Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները: Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը:
Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել: «Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»,- ասել է տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը: