Սեյրան Օհանյանը մարիտի 1-ի մասին. Բոլոր խնդիրներն այսօրվա իշխանության խնդիրներն են
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նա երկար տարիներ իշխանության մաս է կազմել, հնարավո՞ր է առաջիկայում տեղեկատվություն ներկայացնի հանրությանը և որոշ գաղտնիքներ հայտնի, ինչին Օհանյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց: Ինչպես ասաց՝ պետական կառավարման համակարգում բացթողումներ եղել են, որ բոլոր անօրինականությունները, որ նկատել են, դնելու են օրինական հենքի վրա: «Երկար տարիներ ես իրոք աշխատել եմ պետական կառավարման համակարգում, և հենց այդ փորձի ձեռքբերումն է, որ ինձ ստիպում է, որ ես այդ փորձը փորձեմ օգտագործել այլ խնդիրներ լուծելու համար՝ մեր պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու նպատակով: Ես երկար տարիներ աշխատելով համակարգում՝ շատ մոտ եմ եղել և ժողովրդին, և նաև կառավարման համակարգին ներսից նայելով՝ տեսել եմ համակարգի այն բացթողումները, որոնք այսօր կան»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ Մարտի 1-ին Սեյրան Օհանյանն է բանակն ուղղորդել ժողովրդի դեմ, պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, թե Մարտի 1-ի իրադարձությունները հայ իրականության համար ամենացավալի, ամենաողբերգական իրադարձություններ են: «Բոլոր այն տեսանյութերը, որոնց ընթացքում ներկայացրել եմ գործող կարգի շրջանակներում գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագիրը, դրա շրջանակներում ես խնդրել եմ մեր ժողովրդին, որպեսզի լինի հանդուրժողականություն: Մնացած բոլոր խնդիրներն այսօրվա իշխանության խնդիրներն են»,- նշեց նա:
