Կա արհեստական տարանջատում. Կասկածում եմ, որ քվեարկությունը կլինի մաքուր. Ավ. Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը այսօր Հայելի ակումբում նշեց, որ կցանկանար Հայաստանում լիներ գաղափարական պայքարի հնարավորություն: «Չեմ կարծում, որ հայաստանյան կուսակցությունները տարբերվում են քաղաքական մտքերի տեսանկյունից: Այսօր կոմունիստներ են առաջադրվել, սակայն նրանք Միասնիկյանի, Շահումյանի նման չեն, որոնք հանուն գաղափարի պատրաստ լինեն մահանալ: Անկախ անուններից, միևնույն է, գաղափարական տարբերություն չկա, կա արհեստական տարանջատում` արևմտամետ, ռուսամետ»,- ասաց Իշխանյանը: Ըստ նրա՝ սա էլ արհեստական է, որովհետև արևմտամետ ուժերը պետք է ցանկանան ՀՀ-ն դարձնել եվրոպական երկիր: Նրա համոզմամբ՝ այս պահին քաղաքական ուժերը պայքարում են ընդամենը կոռուպցիոն լծակներին տիրանալու համար: Ավետիք Իշխանյանը ասաց, որ չի պատկերացնում, թե ԸՕ-ով ՀՀԿ-ի մոնոպոլիան քանդվի. «Կասկածում եմ, որ քվեարկությունը կլինի մաքուր, պետք է հաշվի առնել` իշխող ուժին ոչ թե պետք է կայուն մեծամասնություն, այլ 60 տոկոս, որով կվերահսկեն դատական իշխանությունը, որը իշխանության հիմնական հենարանն է»
