Սեյրան Օհանյանը ծեծել է Պավլիկ Մանուկյանին
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դաշինքը պետք է կարողանա ձեւավորի քաղաքական եւ պետական նոր էլիտա: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համարը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ դաշինքն առանձնահատուկ հարաբերություններ է ունենալու քաղաքացիական հասարակության հետ: «Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ է նաեւ, որ քաղհասարակության առջեւ բացվեցին բանակի խնդիրներ եւ քաղհասարակությունը մեծ ներգրավվածություն ունեցավ: Մենք բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված մեծ խնդիր ունենք: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալների հարցը սրացված վիճակում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ, ասաց, որ անսխալական մարդիկ չեն լինում և մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել. «Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»:
