Մեր դեմ արշավ է սկսվել. Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասաց, որ այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգության աստիճան: Նրա խոսքով, իրենք նոր մշակույթի ձեւավորման կողմնակից են, որտեղ քաղաքական էլիտաների փոփոխությամբ կարելի է վստահություն ձեռք բերել ժողովրդի մոտ եւ երկրին ապահովել առաջընթաց: «Մենք ունենք բավականին լուրջ թիմ, որն մշակելու է ոլորտային զարգացման ծրագրեր եւ ներկայացնելու է հասարակությանը: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու: Միամտություն կլինի կարծել, թե այս ամենը մենք չենք հաշվարկել և քայլեր չենք ձեռնարկելու»,-ասաց Օհանյանը: Նա ընդգծեց, որ արդեն այսօր նկատելի է, որ արշավ է սկսվել է իրենց դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իր նկատմամբ, որում ընդգրկված են տարբեր գործիչներ, լրատվամիջոցներ, տարբեր անհատներ եւ ամբողջական կուսակցություններ ու դաշինքներ:
