Իմ պայքարը

Ընկերոջս՝ Ավո Բերբերյանին Ես միշտ նման մարդկանց հետ եմ գնում մահի դեմ կռիվ: Գնում եմ, որ խիղճս հանգիստ մեռնեմ… Խիղճը հանգստացնելու մի հնար էլ կա: Սովորել: Սովորել, սովորել, սովորել, բայց ոչ լենինաբար: Սովորածիդ մեջ պիտի գաղափարախոսություն չլինի: Գաղափարախոսությունը սատանի մատի պես բան է, որ քթիցդ բռնած՝ քեզ իր ետեւից քարշ է տալիս: Իմ գաղափարն ազատ ապրելու հնարավորություն է, որ սնվում է զուլալ ակունքներից: Քանի չեմ մեռել՝ սովորում եմ, ոնց որ պուճուր էրեխեն: Սովորում եմ ամեն ինչից՝ ձյան հալից սկսած մինչեւ կանաչ կոկոմի բացվելը: Ամենահիմար մարդուց էլ մի բան սովորում եմ՝ թեկուզ հիմարություն… Գիրքը հիմնական ուսուցիչս է: Կարդում եմ ու կարդում… Էս կյանքում ուղեկից մի ընկեր ունեմ, ասում է՝ ուր որ է յոթանասուն ես, ո՞ւր ես կարդում… որ հետդ տանե՞ս… Ծիծաղում եմ ու էլի կարդում: Քանի ապրում եմ՝ պիտի սովորեմ: Որ ապրելու բան էլ չմնա, մնա միայն մեռնելը՝ մեռնել կսովորեմ… Ամենաբարդ առարկան աշխարհում: Ինչո՞ւ չէ… Ծնվել եմ ու դրան չհասնե՞մ… Մի ծնվելը մեռնելուն քիչ է: Պիտի ուրիշներն էլ ծնվեն, որ իմանան կյանքն ինչ է… Արդյոք կիմանա՞ն…  Կյանքն Աստծո հնարած հեքիաթն է, որի մեջ երբեմն մենք էլ ենք ստեղծագործում: Ո՞վ չի ուզում բարի հեքիաթի մեջ ապրել: Դժվարը ստին հավատալն է եւ, որ կարեւոր է՝ սեփական ստին: Եթե քո ստին հավատաս, հնարավոր է եւ ուրիշներին կարողանաս հավատացնել: Մեր գրական համայնքում մի գրող կար, ով իր գիրն իրենից շատ էր սիրում: Պարզ մտածում էր՝ բարդ արտահայտվում: Ամենապրիմիտիվ սյուժեն նրա թղթի վրա ոճավորվում, ոճավորվում՝ դառնում էր ռոկոկո գրաքանդակ: Մի պարբերության վրա օրերով տքնում էր: Նրա տողերից քրտինքի դառնախաշ հոտ էր բուրում: Տնաշենը ամենաուղղակի միտքը սեւամորթի մազերի պես էնպես էր խճճում, որ ընթերցողի շուրթին, ակամայից, դառնում էր նեգրի ժպիտ: Ես կգերադասեի Շամպոլյոնի նման եգիպտական հիերոգլիֆները վերծանել, քան նրա ոճավոր, բարդ ու ռոկոկո ստորադասությունները: Իր նոր գիրքն էլ նվիրելիս չէր քաշվում, անկեղծորեն խոստովանում էր. - Գիտեմ,- ասում էր,- չես կարդալու, բայց տալիս եմ… Որ ուրիշ ընթերցող չունենար՝ ինքն իրեն լիուլի բավական էր: Հեռուստատեսային մի հանդիպման ժամանակ մեկնաբանը երբ հարցրել էր. - Դուք ի՞նչ հեղինակներ եք սիրում ընթերցել: Ասել էր. - Ինձ ու Հոմերին։ Սիրում եմ… շատ եմ սիրում… Դա մի հեքիաթային սեր էր, որի մեջ միայն ինքն էր ապրում: Էնպես չէ, որ ես վերի արտի ցորենն եմ: Փառասիրության ախտն իմ մեջ էլ է ծիլ տվել: Բայց ես գտնվում եմ մի վայրում, որ կոչվում է Վերնիսաժ, ուր մարդկանց պետքն էլ չէ՝ պուճուր գրո՞ղ եմ, թե՞ մեծ, կամ էլ թե Աստված իր դարդուցավը թողած՝ իմ մասին ինչ է մտածում: Էստեղ ամեն մարդ իր մասին է մտածում, թե մի շան հալի ի՞նչ անի, ո՞նց անի՝ մի կտոր հաց տուն հասցնի, եւ նրանց պետքն էլ չէ, թե Լեւոն Ջավախյանն էսօր ինչ պատմվածք գրեց, կամ էլ թե ինչ գրեցին իր մասին: Նրանք սոսկ մի բանի են նայում. մարդ ես՝ մարդու տեղ են դնում, մարդ չես՝ տանձի տեղ էլ չեն դնում… Երես տվող չունեմ, երես տվող, թե չէ՝ Հոմերոսը չէ, Վիլյամ Շեքսպիրի հետ էլ օդ կելնեմ թեւանցուկ զբոսնելու: Վերնիսաժն օգնում է ինձ ոտքս վերմակից դենը չմեկնել, անտեղի վեր-վեր չթռչել ու անծանոթ մարդկանց հետ իզուր տեղը օդում ժամանակ չվատնել: Ցուրտ ձմեռ է. մինուս 20-ի տակ ապրանքները շարած՝ գնորդի ենք սպասում: Ոչ ոք չկա՝ մառախուղ է, ամայություն, սառնամանիք… Գլխներիս սառցե շեղբերով սուր-սուր սուսերներ են կախված, ոտքներիս տակ՝ կապույտ պլպլան մերկասառույց: Մառախուղի միջից աշխարհից կտրվում՝ մի ծանոթ է ի հայտ գալիս: - Լեւոն,- ասում է զարմացած,- էս սառնամանիքին Էվերեստի գլխին սեղան դրած, թե Վերնիսաժի… Հույսներդ ինչի՞ վրա եք դրել… - Ես կանգնել եմ աշխարհի տանիքի՞ն…,- տխուր ժպտում եմ: Ահա իմ փառքի գագաթը: Մտովի հայացքով սավառնում եմ. ներքեւում թշվառ մի երկիր է, անտեր Հայաստան… Դե արի ու էս ցուրտ ձմռան գրկում տաք երազներ փայփայի, սառած ոտքերդ գետնից պոկի ու թռի… Ո՞ւր… Ուր էլ թռչեմ, միեւնույն է, վայրէջքս Պառնասի գլխին չի լինելու: Իմ երազը, իմ քաղցր մուրազը հրեն հա՜, Վերնիսաժում խեղճ ու կրակ մի դախլի ծվարած՝ կափկափում է… «…Աստված մեզ անտես է արել, եւ տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը՝ երաշտացած, ամառը՝ սաստիկ անձրեւային, աշունը՝ ձմեռ դարձած, ձմեռը՝ սաստիկ ցուրտ, մրրկալից եւ երկարատեւ: Քամիները՝ բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրեւները՝ անժամանակ եւ անօգուտ, եղանակը՝ դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը՝ անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն եւ անասունների անաճելիություն, այլեւ երկրաշարժեր եւ սասանումներ: Եվ այս բոլորի վրա՝ ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա: Որովհետեւ (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ…» (Մ. Խ.)։ Ողբամ եղելոց… Երկրում ընտրապայքար է: Ոչ իշխանություն կա, ոչ ընդդիմություն եւ ոչ էլ ընտրություն: Կա իշխանության համար պայքար: Ու ցուրտ, սառնամանիք, բքաբեր քամիներ… Էս բայղուշ գոյության մեջ ես իմ հեքիաթն եմ հյուսում: Ֆուտբոլի սիրահար եմ: Վահագնը ինձ կարեկցելով ասում է. - Ֆուտբոլն էլ խա՞ղ ա… Ա՛յ Ջավախյան, որ ինձ մնար, էդ սաղ ֆուտբոլի դաշտերը կվարեի՝ տեղը գարի կցանեի… Ասում եմ. - Որ էշերն ուտե՞ն… Ասում է. - Էշերը գարի կուտեն ու մեզ հանգիստ կթողնեն… Ասում եմ. - Հիմի դու էշերի՞ մասին ես մտածում, թե՞ իմ մասին: Ասում է. - Ժողովրդի… Այնուամենայնիվ, էս ցուրտ եղանակին մի ջահել կա, ով ինձ տաքացնում է: Նրա անունն է՝ Հենրիկ Մխիթարյան… - Էն որ քացի ա տալի՞ս… Հարեւանուհիս տաք գլխիս ասես սառը ջուր լցնի: Աստված գիտի որ էշն է գլխին քացի տվել: Չի իմանում կամ էլ չի ուզում իմանալ, որ կյանքն էլ խաղ է, համընթաց վազք, շարժում… Ապրում է նա, ով շարժման մեջ է: Ես գտել եմ ապրելու արվեստը: Իննսուն րոպե վայելքի մեջ եմ: Կուրծքս հպարտությունից ուռչում է: Աշխարհի մի զգալի մասը մեզ Հենրիկ Մխիթարյանով է ճանաչում: Նրա մասին Պելեն է խոսում, Պուտինը, Շառլ Ազնավուրը, Քարդաշովը… Մեր Հովոն էլ ասում է՝ Մխիթարյանը Մեսսիի կատաղած տեսակն ա… Յուրաքանչյուր գոլից հետո սիրտս ծառս է լինում: Բա էն գո՜լը, անհավանական, որ կարիճ են ասում՝ թռիչքի պահին, մեջքի վրայով, կրնկի հարվածով… Ահա նա՝ կենտրոնից ճակատային գիծը ճեղքել՝ առաջ է նետվել: Վազող փոթորիկ է, որ մոտենում է դարպասին: Մրրիկը սուրում, ճախրում էր դաշտում: Արաբ մեկնաբանը խելահեղ մոլուցքի մեջ էր՝ բե բե բե բե բե բե բե…,- վազքին հանգույն ահագնանում էր նրա ձայնը: Դարպասն արդեն մոտ էր, տակավին մոտ: Ու ձայնը պայթեց. - Գ ո ո ո ո ո ո ո ո ո ո՜լ… Ապրել եմ ուզում, ապրել, ապրել ու հրճվել: Եվ կամաց-կամաց կյանքը փոխվում է խրախճանքի: Մեծ բանաստեղծի նման ես էլ եմ ուզում, որ ակնթարթը կանգ առնի: Չքնաղ է Հենրիկ Մխիթարյանը՝ ջղաձիգ մարմնով, ձեռքերը տարածած, ժպիտը դեմքին… Ահա՛, իրական Հայաստանը… Հեքիաթիս կանաչ դաշտում այդ տղան է խաղում, որ ապրում է ու ապրեցնում: Ավաղ: Ժամանակն ավազի պես սորում է մատներիս արանքով: Միշտ չէ, որ ինձ հաջողվում է կյանքը բռնել: Լիարժեք ապրելու համար փոքրիկ հեքիաթները բավարար չեն: Ապրել է պետք հեքիաթների աշխարհում: Իմ ամենամեծ հորինվածքն իմ կյանքն է, իմ պատմվածքները… Իմ ստեղծագործությունները ով կարդացել է, կասի՝ այնտեղ հեքիաթ չկա, ամբողջն իրականություն է: Իսկ ի՞նչ է իրականությունը… Արդյոք վաղը նրանից մի բան կմնա՞… Եթե մնա՝ հեքիաթը կմնա, միայն հեքիաթը, որ կլինի ու չի լինի, կլինի անցյալում ու չի լինի ապագայում՝ վաղնջական ցողի պես կցնդի, կտարրալուծվի տիեզերական վերջալույսերում: Ասում են՝ հեքիաթը սուտ է: Իսկ ի՞նչ է կյանքը: Տատս ասում էր՝ թող նա պարծենա, ով մեռնիլ չտի, քարի խեչ տի դառնա… Քանի տատս չկա, ուզում եմ մեծամտանալ: Իմ գիրքն արդեն իսկ «քարի խեչ» ա: Մահվան դեմ սա իմ պայքարի ձեւն է: Ես «կռիվ եմ գնում երգը շուրթերիս…»: Բայց ինչ էլ երգեմ, մահը միտք է, որ որքան էլ ուղեղիցս վանեմ, էլի բումերանգի պես գլխիս է գալու: Ո՞ւր է գնում այն փոքրիկ նավակը, որ ձեռքերի վրա է լողում: Պատիվ եւ հարգանք հանգուցյալներին: Ովքեր էլ որ լինեն՝ մեռնելուց հետո բոլորն էլ մարդկանց գլխին տեղ ունեն: Աներս էլ մեր գլխի վրայով գնաց: Նրանից որ ուրիշ բան սովորած չլինեմ, մահվան դասը լիուլի բավական է: Հաշտ ու խաղաղ հեռանալ էս աշխարհից՝ ահա դասերի դասը: Մոմի պես հալվում էր, մարում օր օրի, բայց անմռունչ գնում էր իր ճամփով, գիտեր էլ ուր է գնում, բայց հոժար գնում էր: Արդյոք ես կկարողանա՞մ… Մահից չվախենալը բոլորին չէ տրված: Մանեսեցի Ժորժիկը չէր ուզում մեռնել: Իննսունյոթ տարի ապրել էր ու չէր ուզում մեռնել: Գիշերները չէր քնում, որ մահը թաքուն իրեն չտանի: Պառկած տեղը շունչը կտրվում էր: Տանն էլ բարձ ու մութաքա չէին թողել, բերել բլրել էին թիկունքին: Ժորժիկն էդ սարին ապավինած՝ ապրում էր: Վա՛յ էդ ապրելուն՝ խռռացնում էր ու խռխռում: Ոչ մի կերպ չէր կարողանում հոգին ավանդել: Ժորժիկը տանջվում էր, տնեցիներին էլ իր հետ տանջում: Եղելությունը պատմել էին ընկերոջը՝ Քաջանց Դավթին, որի հետ դեռ մանկուց խոզ էին պահել էն մութ ձորերում: Դավիթը եկել էր գլխավերեւը տնկվել ու Սողոմոն Իմաստունի պես իմաստնացել. - Ադա,- ասել էր,- դե, մեռնում ես՝ մեռի, թե չէ խռխռալդ ո՞րն ա… Ու անցել էր գործնական հրահանգների. - Ախչի,- ասել էր հարսներին,- հլա էդ մեջքի մթաքեքը հանեք… բալիշնին էլ… Ժորժիկի թիկունքի սարը փլվել էր: Ժորժիկն էլ՝ հետը… - Բա ասում եք չի մեռնո՜՞ւմ…,- իր հունարից ոգեւորված՝ դառը ժպտացել էր Դավիթը: Սեւ գործն էլ իր հերոսն ունի: Տխրությունը հետո էր եկել: Նրա կնճռոտ դեմքը Աստծուն հառած աղերս էր. «Ինչ ըլնի՝ վենձին ըլնի… Ժորժիկից եդնա թող ես ըլնեմ…»: Մինչեւ մահը չգա, չես իմանա, թե մահն ինչ է: Ես եմ, որ էսենց հեշտ ու հանգիստ՝ դատողություններ եմ անում: Ի՞նչ արած. իմ զենքն իմ գրիչն է: Զենքը ձեռքիս՝ մահվան դեմ կռիվ եմ գնում, որ հետո խիղճս հանգիստ մեռնեմ…,- էսպես տաքացած գրում էի՝ մեկ էլ կինս, թե. - Էդ ի՞նչ ես խզբզում… Ի՞նչ ասեմ… Էն, ինչ իր համար խզբզոց է, ինձ համար կյանք է: Շատ չհամարվի, մեկ էլ տեսար՝ չմեռա: Հավատքի հետ կապված բան է: Եթե մահվանը չհավատամ, չեմ էլ մեռնի: Մեր գյուղում գերեզմանատանը հանգստարան են ասում: Շատ-շատ՝ կգնամ էնտեղ, էս կյանքից մի լավ կհանգստանամ: Մեր գյուղացիք մի տարօրինակ դարձվածք էլ ունեն: Որ ուզում են ասեն՝ չաղացել ես, ասում են՝ առողջացել ես: Հիմա ես առողջ-առողջ եմ: Ու գնալով առողջանում եմ: Հո ինձ առողջ-առողջ չպիտի՞ թաղեն… ՀԳ․ Գրեցի, բայց չավարտեցի։ Իսկ միգուցե յուրաքանչյուր հաջողված գիր կանգ առած ակնթա՞րթ է։ Միգուցե հենց դա՞ է չմեռնող կյանքը․․․ Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Ուժեղ պայթյուն՝ Բուխարեստի ՋԷԿ-ում. զոհեր չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am