Ամենաշատը ես չեմ դատապարտվել.Հայրիկյան
Այսօր մի լրագրող ասում է՝ ճի՞շտ է, որ ամենաշատ Դուք եք դատուել, ամենաշատ տարիների Դուք եք դատապարտուել։ Ասում եմ՝ Ոչ։ Ամենաշատ տարիների դատապարտուել է Ազատ Արշակեանը՝ ընդհանուր 23 տարի, Յետոյ գալիս է Աշոտ Նաւասարդեանը՝ 22 տարի։ Ես դատապարտուել եմ ընդամենը 19 տարի երեք ամսուայ (չհաշուած բռնի՝ հատուկ օդանաւով արտաքսումը)։ <<Բա, բոլորն ասում են, թէ հայ գործիչներից ամենից շատ դուք եք նստել >>։ Ճիշտ են ասում,-պատասխանում եմ ես։ <<Բայց դուք նոր ասացիք, որ Ազատ Արշակեանն է ամենից շատ տարիներ եղել բանտում>>։ Հասկացայ, որ սկսնակ լինելով չի տարբերակում <<դատապարտուել>> եւ <<կալանավայրում լինել>> հասկացութիւնները։ Եւ նրբօրէն բացատրեցի՝ դատապարտուել նշանակում է դատարանի վճռով պատիժ ստանալ, որը կարող է նաեւ ընդհատուել, իսկ կալանավայրում լինել նշանակում է արդէն կրել պատիժը։ <<Հիմա, դուք քանի՞ տարի եք պատիժ կրել>>։ <<Ո՞րը. կալանավայրու՞մ թէ աքսորում>>։ <<Նոյնը չէ՞>>։ Եւ հասկացայ, որ ամեն նրբերանգ չգիտէ եւ պարտաւոր էլ չի իմանալ։ Կարծում եմ, ինձնից բաժանուեց մի քիչ հարստացած. <<Սովետի օրոք դատապարտուել եմ 19 տարի 3 ամսով. դատուել եմ 5 անգամ՝ 1970 թ.՝ 4 տարով, 1974թ.՝ նախ 2 տարով, ապա 10 տարով, 1981 թ.՝ Պերմում՝ 3 տարի 3 ամսով եւ 1988 թ. Մոսկուայ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի նախագահութեան հրամանագրով բռնի արտաքսում անժամկէտ)։ Պաշտօնապէս բռնադատուած եմ համարւում, այսինքն՝ այդքան պատիժ կրել եմ՝ քսան տարի երկու ամիս, որոնցից 14 տարի 4 ամիս կալանավայրեր՝ բանտեր ու ճամբարներ, 3 տարի 6 ամիս՝ աքսոր եւ 2 տարի 4 ամիս արտաքսում։ Այս բոլորը պետականօրէն ճանաչուած է որպէս բռնադատում։>> Մի քիչ հոգնեցրեց ինձ, բայց իր օգնութեամբ հստակ թուաբանութիւն ունեցայ, որը եւ գրանցեցի։ Ընկերներիս թուաբանութիւնն էլ արեցինք, բայց դա մէկ այլ անգամ։
