Արգենտինայում ներկայացվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը քրեականացնում է մարդկության դեմ գործած հանցագործությունների հերքումը, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Օրինագծի հեղինակն է արգենտինացի պատգամավոր Նիլդա Գարրեն ձախպերոնիստական «Ճակատ հանուն հաղթանակի» (Frente para la Victoria) կուսակցությունից։ Արգենտինացի պատգամավորը տեղեկացրել է, որ առաջարկը համապատասխանում է խոսքի ազատությանը, երբ դա արդարացվում է զոհերի իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգը կամ ազգային անվտանգությունը պահպանելու, ատելությունը կամ բռնությունն արդարացնելը կանխելու անհրաժեշտությամբ:«2016 թվականին Ազգային կոնգրեսն ընդունել է 26.199 օրենքը, որը ցեղասպանություն է ճանաչել այն, ինչին զոհ է գնացել հայ ժողովուրդը: Հետևաբար, հստակ է, որ դա ներառված է այն նախագծում, որն առաջարկում ենք»,- ասել է Նիլդա Սելիա Գարեն: Նիլդա Գարրեն եղել է Արգենտինայի պաշտպանության նախարարը 2005-2010թթ., 2010-2013թթ. գլխավորել է Արգենտինայի անվտանգության նախարարությունը։ Ներկայում նա ամերիկյան պետությունների կազմակերպությունում (OAS/OEA) Արգենտինայի ներկայացուցիչն է։ Արգենտինայի Ազգային կոնգրեսը ընդունել էր օրենք, որը ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը։
