Ազատություն՝ հաց բերողին...
Հրապարակը գրում է.«Ազատություն հաց բերողին», «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա ծռեր», «Ռեժիմի գլխին՝ Շանթ» վանկարկումներով երեկ Արթուր Սարգսյանին՝ «հաց բերողին», անհապաղ ազատ արձակելու պահանջով ցույց տեղի ունեցավ։ Ցույցի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը։ Նրանց ուղեկցում էին տասնյակ ոստիկաններ։ Հանրապետության հրապարակում ոստիկանները փորձեցին փակել ճանապարհը՝ թույլ չտալով, որ մարդիկ փողոց դուրս գան։ Բայց մայթերը դժվարանցանելի էին տեղացած ձյան ու սառույցի պատճառով, ցուցարարներն իրենց ճանապարհը շարունակեցին գլխավոր փողոցով։ Դատախազության դիմաց 30 րոպե սպասելուց հետո հանձնեցին իրենց պահանջ-դիմումը: Նրանք իրենց հետ բերել էին նաեւ հաց՝ որպես Արթուր Սարգսյանի խորհրդանիշ։ Երթին 100-ից ավելի մարդ էր մասնակցում, նրանց թվում էին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» անդամները՝ Էլինար Վարդանյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ուրիշներ։ Ապա երթի մասնակիցները գնացին «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ՝ սատարելու Արթուր Սարգսյանին։
