Սեյրան Օհանյանի արածը «աբիժնիկություն» է. Գառնիկ Իսագուլյան
«Ժամանակ»-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ: Թերթի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն դժվար ընկալելի է շատերի համար այն առումով, որ երկար տարիներ պաշտոնավարելուց հետո, երբ չվերանշանակեցին, հեռացրին պաշտոնից, սկսեց նկատել երկրի խնդիրները՝ այդ մասին խոսելով նաև տեսաուղերձներում, և Մարտի 1-ի ու մի շարք այլ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ խոստումներ տալ: Սա ինչպե՞ս հասկանանք, Իսագուլյանն արձագանքել է. «Ինձ համար դա անընդունելի քաղաքական ուղեգիծ է կամ քաղաքականություն մուտք գործելու հայտանիշ: Ես եղել եմ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ղեկավարել եմ Նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, եղել եմ Նախագահի մշտական ներկայացուցիչ, բայց եթե որևէ խնդիր ինձ համար գաղափարապես ընկալելի, ընդունելի չի եղել, ես այդ մասին բարձրաձայնել եմ, զեկուցագրեր եմ գրել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա իրավունքը չունեի: Եթե մարդը ժամանակին լռել է, և գործից հեռացվելուց հետո է սկսում այդ մասին բարձրաձայնել՝ իրավունք չունի հայտարարել, որ ինքն ազնիվ է, արդար է, որ ինքը նպատակ է դրել և ուզում է իրականացնել: Ո՞ւր էիր այն ժամանակ, ինչո՞ւ չէիր ասում, գոնե զեկուցագրերի տեսքով նախագահին զեկուցե՞լ ես: Եղել ես ամենավերևներում, իշխանությունից դուրս ես գալիս ու հենց հաջորդ օրը սկսում ես այդ նույն իշխանությանը քննադատել, սա բացառապես ցույց է տալիս նեղացածություն, դժգոհություն: «Աբիժնիկ» ասվածը հենց սա է, որը քաղաքականության մեջ տեղ չունի»:
