Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով բողոքի երթ
Ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի բողոքի ակցիան ավարտվեց։ Դատապարտյալների հիվանդանոցից դուրս եկավ մի ներկայացուցիչ, որին ակցիայի մասնակիցները խորհրդանշական հաց տվեցին։ Ավելի վաղ Ազատության հրապարակից մեկնարկել էր «Սասնա ծռերին» հաց մատակարարող Արթուր Սարգսյանին (Հաց բերող) ազատ արձակելու պահանջով երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Երթին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Սասնա ծռեր» խմբի աջակիցներ, «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներ և Արթուր Սարգսյանի աջակիցները: Ակցիային ներկա էր Համախմբում կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Ակցիայի մասնակիցները որոշեցին շաբաթ օրը հավաքվել Ազատության հրապարակում անցկացնելու ակցիա ի պաշտպանություն Սասնա ծռերի։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանքից ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին կրկին նախաքննական մարմինը նրան կալանավորելու որոշում է կայացրել, պատճառաբանելով, որ նա թաքնվում է նախաքննությունից: Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն Արթուր Սարգսյանի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:
