Ջեմալ Փաշայի թոռը դատապարտվել է
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։ Դատարանը Հասան Ջեմալին մեղադրում է իր հոդվածներից մեկում «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու համար: «47 տարի է՝ հետևում եմ քրդական հարցին, այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նաև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ Օջալանի և գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայըլանի հետ: Քրդական խնդրի վերաբերյալ 4 գիրք և անթիվ հոդվածներ ունեմ տպագրած: Այս ամբողջ ընթացքում երբևէ չեմ մեղադրվել ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար: Սա առաջին դեպքն է: Երբեմն մտածում եմ՝ տեսնես ե՞ս եմ փոխվել, թե՞ օրենքն է փոխվել», - Ջեմալը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու նշել, որ լրագրությամբ զբաղվելը չի կարող հանցանք համարվել:
