«Ես իսկապես ցավ ապրեցի». Աթեշյան
«Ես իսկապես ցավ ապրեցի: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ մենք հոգևոր եղբայրներ ենք: Որպես Ստամբուլի մեջ գտնվող երկու եպիսկոպոս` ներկա դժվար ժամանակաշրջանում մեզ է վիճակվել պատրիարքարանի նավը խաղաղ նավահանգիստ առաջնորդելու գործը: Եղբայրների միջև կարող են լինել տարակարծություններ: Կրոնական ժողովի պարագայում էլ կարող եմ ասել նույնը: Ժողովում կարող են ծագել տարակարծություններ, սակայն այդ ամենից հետո պետք է ընդունել քվեարկության արդյունքը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լքեց մեր երեկվա ժողովը և առանց նույնիսկ խորհրդակցելու ներկայացրեց հրաժարականը` ի զարմանս բոլորի: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթին մեկնաբանություն է տվել` կապված պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի և այդ առնչությամբ հրապարակած հայտարարության հետ:
