Նոր մանրամասներ գործարարի վրա հարձակումից
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երիտասարդ գործարարի վրա երկու օի առաջ կատարված ավազակային հարձակումից:Մասնավորապես` հանցագործությունը կատարվել է բավական հետաքրքիր մեխանիզմով, ընդ որում` այնպիսի մեխանիզմով, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ:Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 7-ի երեկոյան՝ Վահագնի թաղամասի մոտ, անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա, նրանից գումար պահանջել, ապա հարվածել նրա գլխին, հրկիզել ավտոմեքենան ու փախել դեպքի վայրից:Ուշագրավն այն է, որ գործարարի ավտոմեքենան կանգնեցրել էին լուսարձակներով ազդանշաններ տալով: Ասել է թե` հանցագործները կիրառել են վարորդներին քաջածանոթ մի պայմանական ազդանշան, որի դեպքում վարորդների մեծ մասը կանգ կառներ` առանց որևէ բան կասկածելու:Դրանից հետո արդեն երկու տղամարդիկ դուրս գալով իրենց ավտոմեքենայից մոտեցել են գործարարին ու ներկայանալով որպես քրեական հետախուզության աշխատակիցներ` ինչ-որ կարմիր վկայական ներկայացրել:Վարորդը հավատացել է ու ավտոմեքենայից իջել`ղեկը զիջելով անծանոթներից մեկին, որպեսզի, ինչպես նրանք են ասել, միասին գնան քրեական հետախուզություն:Իսկ երբ գործարարը դուրս է եկել ավտոմեքենայից, անծանոթ տղամարդիկ արդեն դանակով սպառնացել են նրան ու գումար պահանջել:Ի դեպ, հիշեցնենք, հանցագործները եղել են վրացական պետհամարանիշներով «Օպել-Աստրա» ավտոմեքենայով: Իսկ ավազակային հարձակման այս մեխանիզմը հատկապես մեծ տարածում ունի Ռուսաստանում, և, փաստորեն, արդեն հասել է նաև Հայաստան: Ոստի՝ մեր վարորդներին մնում է առավել շրջահայց լինել ավտոճանապարհներին ու չվստահել անծանոթներին:
