ՊՊԾ-ն գրաված, պատանդառած և 3 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռերը» քաղբանտարկյա՞լ են
«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. Պաշտպանության նախկին նախարար, հիմա՝ ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, թե այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ասել է. «Քաղբանտարկյալներ, այսօր, իհարկե կան»: Հասկանալի է՝ քաղբանտարկյալ ասելով հիմա նկատի ունեն Ժիրայր Սեֆիլյանին ու ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման՝ «Սասնա Ծռերի» անդամներին, որոնք ձերբակալվել էին այն ժամանակ, երբ Օհանյանը պաշտպանության նախարար էր: Մի կողմ թողնենք այն փաստը՝ արդյոք ոստիկանության ՊՊԾ գունը գրաված, պատանդառած և վերջապես երեք ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին կարելի է անվանել քաղբանտարկյալներ, թե ոչ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Օհանյանը նրանց քաղբանտարկյալ է անվանում հիմա, երբ անցել է ընդդիմության շարքերն ու պատգամավորական մանդատի համար պայքարի հայտ է ներկայացրել: Ու, բնականաբար, հետաքրքիր է՝ երբվանի՞ց է Ս. Օհանյանն այդ կարծիքին, արդյոք նա նույնկերպ մտածում էր նաև նախարար եղած ժամանակ, և եթե այո, ինչու չէր արտահայտվում այդ մասին: Չնայած, նման գործելաոճը սովորական է դարձել. նույն Վարդան Օսկանյանն էլ ԱԳ նախարար ժամանակ արդարացնում էր 2008թ. մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, հետո նաև՝ սպանդը, իսկ երբ ընդդիմադիր շարքերն էր անցել, «Սասնա Ծռերի» քայլերն էր փորձում արդարացնել, թե՝ «Հենց իշխանությունն է տարիներ շարունակ ուժով հարցեր լուծել՝ այլ ելքեր չթողնելով քաղաքացիներին»:
