Մենք հայտնվել ենք ՌԴ-ի և Թուրքիայի արանքում, ու դա շատ վտանգավոր է.Կարինե Աճեմյան
Օրերս Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: Նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Մենք հայտնվել ենք այդ երկու երկրների արանքում, ու դա շատ վտանգավոր է մեզ համար: Ռուսաստանն այս իրավիճակում չի կարող հետ քաշվել ու պարզապես դիտորդի դերում մնալ, գուցե նաև իր ուժն է ուզում ցույց տալ»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ միգուցե քաղաքականորեն մենք գտնվում ենք այդ երկու երկրների արանքում, բայց իր մոտ հարց է առաջանում՝ մենք որքանո՞վ ենք առանձին երկիր Ռուսաստանից ռազմականորեն. «Մենք միշտ խոսել ենք, որ այդ բազան պաշտպանում է մեզ, բայց երբեք չենք քննարկել, որ այդ բազան կարող է նախահարձակ լինել: Եթե Ռուսաստանը նախահարձակ լինի, կարո՞ղ է արձագանքել Հայաստանը»: «Իհա՛րկե կարող է, հիմա էլ բանակցություններ են գնում, ես ինքս համոզված եմ, որ մենք փոքր երկիր ենք, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք մեր տեղն ու դիրքը»,ի պատասխան ասաց կարինե Աճեմյանը:
