Արտակարգ դեպք՝ Երևանում. «Անի Պլազա» յուրանոցում հայտնաբերվել է Վրաստանի 24-ամյա քաղաքացու դի
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հյուրանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
