Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.Մարգոտ Վալստրյոմ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց,որ Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին, Արևելյան գործընկերությանն ու ամբողջ տարածաշրջանին: : « Ես Հայաստանում առաջին անգամ եմ, շնորհակալություն եմ հայտնում լավ ընդունելության համար,իմ այցը Երևան վկայում է հենց այն մասին, որ մենք պատրաստ ենք սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում: Գնահատում եմ այս առիթը՝ ավելի շատ բան սովորելու համար: Կան ընդհանրություններ, որ մենք ունենք, մենք բարելավելու ենք մեր դիվանագիտական շփումները, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ապագա համագործակցության համար՝ դա կլինի առևտրային, թե կոմերցիոն հնարավորությունների տեսքով»,- նշեց Մարգոտ Վալստրյոմը: «Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ , քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք ենք ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթին,ապա.«Մենք սատարում ենք բավական հավակնոտ համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ դառնալ կողմերի համար: Մենք պատկանում ենք այն պետությունների խմբին, որոնք ճնշում են գործադրել, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի, զբաղեցնի ԵՄ վերին տեղերը: Վստահաբար, արդյունքների կհասնենք: Այսուհետ մենք անհատականացված մոտեցումներ կտեսնենք առանձին երկրների հետ, կմտնենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ: Սա նշանակում է, որ պատասխանատվություն ենք զգալու մեզ հետ փոխգործակցող պետությունների հետ»:
