Գարիկ Մարտիրոսյանը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ ծածանել է Հայաստանի դրոշը/տեսանյութ/
Ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին հյուրընկալելիս հայազգի հայտնի շոումեն, «Comedy Club»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը տաղավար է մուտք գործել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի հնչյունների ներքո, պատմել է «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ իրենց զրույցի, Հայաստանը գովազդելու, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին երկրպագելու, Մարտիրոսյանի՝ եթերում չհայտնվելու, կնոջ հետ ճանապարհորդությունների, հանրահայտ դերասան Մեթ Դեյմոնին, երգիչ Սթիվի Ուանդերին հանդիպելու մասին: Մարտիրոսյանն ընդգծել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը: Իվան Ուրգանտի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին դիտարկմանը Մարտիրոսյանը պատասխանել է, որ Մխիթարյանն իրավամբ հայ ազգի պարծանքն է, որին իրենք բոլորը ցանկանում են հավասարվել: Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանն ու Ուրգանտը ցուցադրել են նաև իրենց ռեփ կատարելու ունակությունները, իսկ հաղորդումը եզրափակվել է Մարտիրոսյանին՝ Հայաստանի դրոշ նվիրելով: Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ծածանել են Հայաստանի դրոշը:
