Թրամփ խորհրդականի՝ ռուս դեսպանի հետ ունեցած խոսակցությունների մասին հաղորդագրությունները կստուգվեն
Associated Press-ը հաղորդում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների թեման: Նախագահ Թրամփը «լիովին վստահում է Ֆլինին»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը: The Washington Post-ը գրել էր, որ դեռ 2016թ.-ի դեկտեմբերին Ֆլինը Կիսլյակի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների թեման: Թրամփի խորհրդականը փորձել է համոզել Ռուսաստանին «չափը չանցնել» պատասխան պատժամիջոցների առումով: NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ռուս դեսպանի և Թրամփի խորհրդականի խոսակցությունը գաղտնալսել է, սակայն «ոչ մի անպատշաճ» բան չի հայտնաբերել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ տեղեկությունը բնավ չի զարմացրել Մոսկվային: Հունվարին էլ հայտնում էին, որ Ֆլինն ու Կիսլյակը դեկտեմբերի 29-ին հինգ անգամ շփվել են հեռախոսով, երբ Օբամայի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունները 72 ժամվա ընթացքում 35 ռուս դիվանագետի հետ ուղարկելու որոշում էին ընդունել: Սպիտակ տունը պնդում էր, որ նման միջոցառումները «պատասխանն են Մոսկվայում ՌԴ իշխանությունների կողմից ամերիկյան դիվանագետների հանդեպ ճնշումների»:
