Բադասյանը բացում է փակագծերը ՀՅԴ-ի եւ Հրանտ Մարգարյանի մասին
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը Araratnews.am-ի հետ զրույցում սուր քննադատության ենթարկեց իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցություն կուսակցությանը՝ նրան մեղադրելով երկիրը կեղեքողներին աջակցելու մեջ: Բադասյանը, հիշեցնենք, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է բացել փակագծերը ՀՅԴ բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ ղեկավար կազմի մյուս գործիչների գործունեության վերաբերյալ: «Ինչ Հրանտ Մարգարյանը ստանձնել է Դաշնակցության ղեկավարի դերը, այդ կուսակցության կանոնադրությունը լրիվ դրել է մի կողմ եւ սկսել է միանձնյա ղեկավարել այն՝ դառնալով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների կցորդը: Եթե մեկ դարից ավելի գոյություն ունեցող այդ կուսակցությունը նախկինում բարոյական իրավունք ուներ սաստելու այս երկրում տեղի ունեցող նեգատիվ երևույթները, այժմ արդեն Դաշնակցությունը գոյություն չունի: ՀՅԴ-ն, դառնալով իշխանության կցորդը, սպասարկելով իշխանության վատագույն երևույթները, ոչնչացրեց իրեն: Հրանտ Մարգարյանը ոչնչացրեց Դաշնակցությունը: Թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կան բազմաթիվ դաշնակցականներ, որոնք հանուն գաղափարների, հանուն հայրենիքի անգամ իրենց կյանքն են տվել: Դաշնակցության ղեկավարներն այսօր այդ տղաների նկարները դնում են իրենց սենյակներում եւ մասնակցում ընտրակեղծիքներին եւ երկիրը քանդելուն: Հրանտ Մարգարյանը մասնակիցն է երկրում տեղի ունեցող ամեն վատ բանի: Եթե նայեք բյուրոյի ղեկավար կազմին, ապա կտեսնեք՝ գրեթե բոլորը դարձել են իշխանության խամաճիկը՝ հանուն իրենց ստամոքսների, հանուն իրենց ախոռամանի»,- մեզ հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի ղեկավար կազմի գործունեության մասին՝ ասաց Վահան Բադասյանը: Անդրադառնալով Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ «Դաշնակցություն» խմբակցության դիրքորոշմանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը շեշտեց. «Արցախի դաշնակցականներն այսօր սահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել, բայց իրենք քարոզում են «այո»-ի շտաբում, մի՞թե սա քաղաքական պոռնկություն չէ»: Նկատենք, որ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ ՀՅԴ-ի շանսերին, ապա Բադասյանը կարծում է, որ եթե իշխանությունները նրանց օգտին կեղծիքների չդիմեն, ապա Դաշնակցությունը չի հաղթահարի անցողիկ շեմը: «Իրենք անցած անգամ ստացան 4,7 տոկոս ձայն, իշխանությունն իրենց օգտին կեղծեց 0,3, եւ իրենք անցան, այս անգամ իրենք եթե ինքնուրույն գործեն, չեն հաղթահարի անցողիկ շեմը»,- հավելեց Բադասյանը: araratnews.am
