«Հայաստանում սկսվում է մեծ պատերազմ». Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց,որ այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ արշավ, մեծ պատերազմ, մի կողմից` փողի, միյուս կողմից՝ քաղաքական մտքի և արդարության միջև: Սա է լինելու առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը: Փողը և արդարությունը պատերազմելու են: Սա իրականում, եթե ուզում եք, լինելու է ընտրություն մամոնայի և Աստծո միջև: «Արդարանալու իրավունք ոչ ոք չունի, թե՝ միևնույնն է՝ վերցնենք, կամ չվերցնենք ընտրակաշառքը, իրենց ուզած արդյունքներ են ստանալու: Ո՛չ»,-ասաց նա: «Արդեն սկսվել են անձնագրային տվյալների լայնածավալ հավաքագրումներ, որն արվում է այն նպատակով, որ ընտրողների վրա ազդեցություն գործածվի` կաշառքի, վարչական ճնշումների կամ այլ տարբերակներով: Բայց միևնույնն է, այն նվաճումները, որ մենք ունենք՝ ի դեմս ստորագրված ցուցակների հրապարակման և տեսախցիկների տեղադրման, ուրիշի փոխարեն քվեարկություն չի լինելու, քվեարկելու են միայն դրա իրավունքն ունեցող ընտրողները:Այս ԱԺ ընտրություններն ավելի կարևոր են, քան նախագահական ընտրություններն անցյալում, քանի որ 5 տարվա համար ձևավորելու են ՀՀ ամբողջ իշխանությունը»,-հավելեց Զուրաբյանը: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել Սերժ Սարգսյանի «դաբրոյով», Լ.Զուրաբյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ չի ցանկանում շահարկել, ենթադրություններ անել. «Մեր ժողովուրդը շատ լավ զգացողություն ունի և այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ինքը»:
