Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացնում
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացին՝ ընտրելով այս կամ այն կուսակցության քվեաթերթիկը, արդեն իսկ ձայն է տալու այդ ուժին. «Դրա մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի անդամների անունները, իսկ հակառակ կողմում` տարածքային ցուցակում ընդգրկվածների անունները: Ընտրելով քվեաթերթիկն ընտրողը կատարում է ընտրություն տվյալ քաղաքական ուժի օգտին և եթե նա ցանկանում է նաև տարածքային ցուցակից թեկնածու ընտրել, քվեաթերթիկի հակառակ կողմում կատարում է նաև համապատասխան նշումը»: Խոսելով ձայների հաշվարկի մեխանիզմի մասին՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մի քանի քայլ է իրականացվում. «Առաջին` որոշվում է այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են հինգ կամ յոթ տոկոսանոց շեմը, այնուհետեւ իրենց ստացած ձայներին, համամասնորեն որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը: Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ»,- ասաց նա: Իսկ տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները: Դրանցով որոշվում է, թե որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը, եւ երբ արդեն կսկսվի մանդատների բաշխումը, այդ ժամանակ արդեն հիմք են ընդունվում տվյալ տարածքում, տվյալ թեկնածուի ստացած ձայները:
