«Գնում եմ, ու եթե պետք լինի, գլուխս էլ կտամ». ապրիլյան հերոս Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
Արմինե Կարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ` Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է... Ծնունդդ շնորհավոր, Նորայր ջան, դու հավերժ մեր սրտերում ես: «Մի՛շ, պատերազմ է, մամային ու պապային չասես: Ես գնում եմ, ու եթե պետք լինի գլուխս էլ կտամ»,- հերոս Նորայր Գասպարյանի վերջին խոսքերն են, որ վերջին անգամ լսեց եղբայրը՝ Միշա Գասպարյանը: Նորայր Գասպարյանի ընկերը՝ Ազատ Գալեյանը, իմ հետ զրույցի ժամանակ պատմեց, որ առաջնագիծ գնալու ժամանակ Նորայրն ու Վահեն ընկերներին հորդորում էին, որ չվախենան եւ հանգիստ լինեն, եւ որ ամեն ինչ լավ է լինելու: Նրանք երկուսն էլ դուխով էին եւ առանց վախենալու դուրս եկան մարտի դաշտ: Կյանքով լեցուն Նորայր Գասպարյանը դեռ շատ անելիքներ ուներ կյանքում: Ավա՜ղ, ճակատագիրն այլ ուղի էր նախատեսել նրա համար: Նորայրը վերադարձավ, բայց ոչ թե եռագույնը ձեռքին ծածանելով, այլ` դրանով ծածկված»:
