«Հաց բերող»-ը ձերբակալվել է
ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը այսօր բերման է ենթարկվել ՀՔԾ եւ ձերբակալվել: Նրան տեղափոխել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքով փոխարինելու համար: Փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը: Հիշեցնենք,որ վերւինս ձերբակալվել էր օգոստոսի սկզբին եւ ազատ արձակվել տարեվերջին: Մինչ այդ Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Սարգսյանը, ինչպես վկայում են բժշկական փաստաթղթերը, մի շարք հիվանդություններով է տառապում։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել։
