«Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ. կարո՞ղ եք կաշառք տալ». Քրմոյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, մեկնաբանելով Հայաստանում կոռուպցիայի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ասաց. «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետության մասին է խոսում այն հանգամանքը, որ արդեն իսկ քննարկվել և ընդունվել է ապօրինի քրեականացման մասին օրենքը, և այսուհետ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող ցույց չտալ իրենց եկամուտների աղբյուրները, նրանք պատասխանատվության կենթարկվեն, սահմանափակվել է նաև կանխիկի շրջանառությունը, և այլն: Մոտ մեկ-երկու ամսում ևս մի երկու նախագիծ կներկայացվի` ազդարարների պաշտպանության օրենքը, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության բացահայտման մասով խնդիր ունենք, չեն հայտնում դրա մասին, լատենտայնության խնդիր կա, շատ դեպքերում ձեռնտու է և՛ կաշառք տվողին, և՛ ստացողին, դրա համար բացահայտման խնդիր կա»: Դիտարկմանը, որ տարիներ շարունակ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց քաղաքացիների ընկալումը չի փոխվում, ասաց. «Մենք կհասնենք արդյունքի, երբ քաղաքացին, ՀԿ-ները, բիզնեսը կհայտնեն, որ այս խնդիրը լուծված է: Պետական ռեգիստրի, անձնագրային ոլորտներում վերացրել ենք, այժմ անցնում ենք հարկային, մաքսային ոլորտին: Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ: Կարո՞ղ եք կաշառք տալ: Չեք կարող: Բայց ոչ ոք չի խոսում այդ մասին: Այն, ինչ արվել է` պետք է ներկայացվի, որ ընկալման վրա ազդի: Հիմա բիզնես միջավայրն է թիրախը, բայց շատ կարևոր խնդիր է նաև վարչական կոռուպցիան: Բայց փաստ է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են»:
