Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին Բելառուսի կողմից շատ միակողմանի է քննարկվում. Իսագուլյան
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօր անդրադառնալով բլոգեր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին, նշեց, որ մենք պետք էչդարձնենք այն ներքաղաքական խնդիր և փորձենք դրա մեջ վարկանիշ հավաքել, կամ փորձենք մեկ ուրիշի վարկանիշը դրանով իջեցնել։ Նրա խոսքով՝ Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին Բելառուսի կողմից շատ միակողմանի է քննարկվում: «Տարօրինակ է, որ նույնիսկ սա փորձում են նախընտրական քարզչության մեջ մեղադրել՝ մեղադրելով պետությանը, որ Բելառուսն Ադրբեջանին հանձնեց Լապշինին: Մենք պետք է կարողանանք այս հարցը դարձնել միջազգային լուրջ խնդիր միջազգային բոլոր ատյաններում, ընդ որում, ոչ միայն պետական մակարդակով, այլև համայնքների մակարդակով, հ/կ-ների մակարդակով, կուսակցությունների մակարդակով։ Պետք է դարձնել օրակարգի խնդիր ու կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Երեկ «Ելք» դաշինքը միջոցառում էր կազմակերպել, ես մասնակցեցի այդ միջոցառմանը՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ կան։ Մարդիկ իրենց պահանջը հստակ ներկայացրեցին, առաջարկները ներկայացրեցին, դա ձևերից մեկն է, բոլորն իրավունք ունեն, որևէ մեկը դրա դեմ ասելիք պետք է չունենա»,- ասաց նա:
